2022 թ․ վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը միջնորդել է Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի նկատմամբ պատիժ նշանակել 4 տարի ժամկետով ազատազրկումը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեց մահացածի ընտանիքի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Արամ Նավասարդյանը, հիշեցնենք, օրերս մեղավոր ճանաչվեց կատարվածի համար՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու եւ դեպքի վայրը թողնելու հոդվածներով։ Նա, սակայն, մինչ դատաքննության ավարտը այդպես էլ չընդունեց առաջադրված մեղադրանքը։
Երեւանի առաջին ատյանի քրեական դատարանում այսօր սկսվեցին այս գործով լրացուցիչ դատալսումները։ Ըստ քրեական դատավարության գործող կարգի՝ դատաքննությունն ավարտելուց հետո դատարանը նախ հրապարակում է վերդիկտ՝ անձի մեղավոր կամ անմեղ լինելու վերաբերյալ եզրակացություն, որից հետո հրավիրվում են լրացուցիչ դատալսումներ, որոնց ժամանակ քննարկվում են պատժի, գույքային հայցի, խափանման միջոցի վերաբերյալ եւ մի շարք այլ հարցեր։
Այսօրվա նիստին, սակայն, այս հարցերը մանրամասն չքննարկվեցին․ մեղադրյալ Արամ Նավասարդյանի պաշտպանները չէին ներկայացել՝ իրենց պաշտպանյալի միջոցով տեղեկացնելով, որ պատշաճ ծանուցված չեն եղել եւ այլ դատական նիստի են։ Ուստի դատարանը լսեց միայն տուժողի իրավահաջորդի՝ Մնացական Մնացականյանի հակիրճ ելույթը՝ գույքային հարցի պահանջը նվազեցնելու վերաբերյալ․
«Նվազեցրել ենք գույքային հայցով ներկայացրած հանցագործությամբ պատճառված վնասի հատուցման ենթակա չափը, որը ներկայումս կազմում է 10․816․533 ՀՀ դրամ, որից 6․616․233 դրամը՝ հուշաքարի եւ գերեզմանի բարենորոգման համար, 3․200․000 դրամը՝ հուղարկավորության ծախսերի համար»,- ասաց Մնացականյանը՝ դիմումին կից ներկայացնելով նաեւ հիմնավորող փաստաթղթեր։
Միաժամանակ Մնացականյանը նշեց, որ պատիժ նշանակելիս հաշվի առնվեն ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներում արտահայտված չափանիշները, ինչպես նաեւ այն, որ մեղադրյալն իրեն մեղավոր չի ճանաչել, նույնիսկ ներողություն չի խնդրել, դեպքի վայրը լքել է, օգնություն չի ցուցաբերել տուժածին, որեւէ կերպ չի հարթել հանցագործությամբ պատճառված վնասը, որեւէ միջոց չի նախաձեռնել այդ ուղղությամբ, հանցանքը կատարել է ՃՏՊ-ի կանոնների կոպիտ խախտմամբ՝ արագության գերազանցմամբ, այսինքն՝ հանցավոր ինքնավստահությամբ։
Նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանը կարծիք հայտնեց, որ պաշտպանական կողմը, հերթական անգամ չներկայանալով դատական նիստին, փորձում է ժամանակ շահել, որպեսզի արհեստական ձգձգվելու հետեւանքով լրանան քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները։
Մնացականյանը անդրադարձավ նաեւ պաշտպանական կողմի՝ նախորդ նիստում հնչեցրած արտահայտություններին, թե տուժողը, հնարավոր է, քաղաքական հայացքներից ելնելով միտումնավոր է խոչընդոտել վարչապետի ավտոշարասյանը․ «Ընդունված արտահայտություն կա, որ փաստաբանը ամեն եղանակով կարող է պաշտպանել իր մեղադրյալին, բայց դե, բարոյական նորմերի մասին չեմ ասում։ Փաստաբանը բազմիցս շրջանցել է դրանք, հաշվի չի առել։ Դուք ինքներդ դատեք՝ 7 ամսական հղին կարող է գնալ, քաղաքական ակցիա անե՞լ, մանավանդ, որ իմ աղջիկը նոր էր եկել Հայաստան, դրսում էր աշխատում, դրսի IT ընկերություն էր ղեկավարում, որ Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի։ Ի՞նչ քաղաքականություն։ Քաղաքականն էն է, որ աղջիկս, հավատալով Հայաստանում կատարող փոփոխություններին, Դանիայի նման երկիրը թողեց, եկավ Հայաստան, դուստր ձեռնարկություն բացեց։ Այ, քաղաքական էդ կարելի է մեկնաբանել, թե ինչու են լավ կադրերը թողնում, հեռանում Հայաստանից։ Ասում են` կադր չունենք։ Կադր չունենք, որովհետեւ մարդիկ իրենց ապահովված չեն զգում էստեղ, դրա համար թողնում հեռանում են»։
Լրագրողի հարցին՝ ի վերջո, Նիկոլ Փաշինյանին կատարվածի մեջ մեղավոր համարո՞ւմ է, տուժողի իրավահաջորդը պատասխանեց․ «Մենք իրավական պետությունում ենք ապրում, չէ՞, թող իրավական պետությունն էլ որոշում կայացնի»։ Անդրադառնալով բարոյական պատասխանատվության վերաբերյալ հարցին՝ Մնացականյանն ասաց․ «[Փաշինյանը] Ներողություն է խնդրել ինձնից, ցավակցել է իմ վիշտը, բայց ես չեմ համարում, որ սա նման է ավտոբուսի մեջ նստած ուղևորի վթարին, ինչպես համեմատեց ինքը»։ Հիշեցնենք՝ վերջերս կայացած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել էր՝ դա իր ավտոշարասյունը չէ, ՀՀ վարչապետի «ավտոբուսն է», ինքը ի՞նչ կապ ունի դրա հետ․ «Ես հլը մեքենաներից մեկին ղեկին եղած լինեի..․ հասկանամ՝ ինչ կապ ունեմ դրա հետ։ Ես նստած եմ ինձ սպասարկող մեքենայի մեջ ու երեք մեքենա այն կողմ տեղի է ունենում շատ ցավալի դեպք։ Ասենք, դուք մետրոյի վերջին վագոնում նստած եք, առաջին վագոնը գնում, մարդ է վրաերթի ենթարկում, ի՞նչ կապ ունեք այդ դեպքի հետ»,- նշել էր վարչապետը։
Մնացական Մնացականյանը դժվարացավ մեկնաբանել՝ ինչու է Փաշինյանն այսպես մտածում, այնուհանդերձ՝ պնդեց՝ անցորդների անվտանգությունը պետք է ապահովվեր․ «Ի՞նչ է նշանակում՝ անվտանգությունից ելնելով արագ են վարում․․․ Անվտանգությունից ելնելով պետք է նաև կարողանան անցորդների անվտանգությունն ապահովել։ Ի ՞նչ է՝ Նիկոլ Փաշինյանի համար անվտանգություն կարելի է ապահովել, անցորդը ՀՀ քաղաքացի չէ՞, իր համար կարելի է անվտանգություն չապահովե՞լ»։
Արամ Նավասարդյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին։ Հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 18-ին։
Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցը հատում էր կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանմուշներով, երբ վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան հարվածեց նրան։ Շարասյունն առաջնորդում էր հենց Արամ Նավասարդյանը։
Ողջ դատաքննության ընթացքում նա մեղադրանքը չի ընդունել եւ պնդել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում անարդար քննություն։ Ըստ պաշտպանական կողմի՝ փորձագետները կադր են հանել՝ այդպիսով արհեստականորեն մեծ ցույց տալով Նավասարդյանի մեքենայի արագությունը։ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ այն չպետք է գերազանցեր 100 կմ/ժ-ը, սակայն փորձաքննության եզրակացության համաձայն՝ 108.7 կմ/ժ էր, իսկ ըստ պաշտպանների՝ 72 կմ/ժ։
Սոնա Մնացականյանի գործի վերաբերյալ «Ինֆոքոմի» հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ։
Գլխավոր լուսանկարում՝ Մնացական Մնացականյանը