Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է

Արմավիրի քրեական ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել։ ՆԳՆ ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորև․

«Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն:

Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, նույն` Բաղրամյան փողոցում բնակվող 19-ամյա մի երիտասարդ, անցնելով դարպասի վրայով` ապօրինի մուտք է գործել բակ և օգտվելով մուտքի դուռը կողպված չլինելու և բնակարանատիրոջ ու նրա դստեր քնած լինելու հանգամանքներից, մտել ու գաղտնի հափշտակել է վերջինիս բջջային հեռախոսը և բանկային քարտը։ Պարզվել է նաև, որ նա բջջային հեռախոսը 10 հազար դրամով վաճառել է, իսկ քարտով գումար կանխիկացնելու անհաջող փորձերից հետո` կոտրել այն:

Օգոստոսի 11-ին` ժամը 18.30-ին, երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է Արմավիրի մարզային վարչություն, ապա խոստովանել է արարքը։ Գողոնը հայտնաբերվել է։

Պարզվել է նաև, որ հուլիսի վերջին նա ևս երեք անգամ, գիշերվա գրեթե նույն ժամին ու նույն կերպ, մտել է նույն բնակարան: Առաջին անգամ նա հափշտակել է 70 հազար դրամ, երկրորդ անգամ` յոթ հազար դրամ ու բանկային երկու քարտ, որոնք նույնպես կոտրել է` գումար կանխիկացնել չկարողանալուց հետո, իսկ երրորդ անգամ հեռացել է ձեռնունայն:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև