Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները օգոստոսի 6-ին իրացրել են ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ ստացած հերթական օպերատիվ տեղեկությունը:
Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում իրավապահները ձերբակալել են Երևանի բնակիչ 39-ամյա և Աշտարակի բնակիչ 41-ամյա երկու տղամարդու և վերջինիս վարած «Օպել» մակնիշի ավտոմեքեայով հանդերձ տեղափոխել Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին:
Աշտարակցու խուզարկությամբ հայտնաբերվել է ընդանուր մոտ 11 գրամ մեթամֆետամինով 10 փաթեթ, իսկ Երևանցու խուզարկությամբ` ընդհանուր 10 գրամից ավելի «Սփայս-շոկո» տեսակի թմրանյութով 10 փաթեթ և դարչնագույն զանգվածով գլանակ:
Երկուսն էլ ներկայացվել են Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:
Քրեական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների արդյունքում Արշակունյաց պողոտայի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է նրանց տեղադրած մեկ փաթեթ` սփայսով, իսկ Մանանդյան փողոցի մի շենքի շքամուտքում` մեթամֆետամին:
Օգոստոսի 7-ին, դատարանի որոշմամբ, խուզարկվել է նաև աշտարակցու վարած «Օպելը», որտեղ հայտնաբերվել է 91 փաթեթ «Սփայս»` ընդհանուր ավելի քան 104 գրամ և կպչուն ժապավենով 17 փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ քաշերով մեթամֆետամին:
Օգոստոսի 12-ին խուզարկություն է կատարվել նաև աշտարակցու տանը. հայտնաբերվել է կանեփի 77 թուփ:
39-ամյա երևանցին և 41-ամյա աշտարակցին կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: