Կառավարությունն առաջարկում է սահմանել խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի կազմակերպման և անցկացման, այդ թվում՝ կոնսորցիումով մասնակցության և մրցույթը չկայացած համարելու դեպքերի հստակ ու իրավաչափ կարգավորում՝ հիմք ստեղծելով խաղային գործունեության նկատմամբ պետական լիարժեք վերահսկողության իրականացման համար:
Համապատասխան որոշման նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջների համապատասխան՝ սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը:
Օպերատորը պետք է ընտրվի բաց մրցույթի արդյունքում, որը երկփուլ մրցույթ է՝ իրականացվում է որակավորման հարցման և առաջարկի հարցման փուլերով: Նախագծով սահմանվել են նշված փուլերից յուրաքանչյուրի անցկացման կարգը, հայտատուների կողմից մրցույթին մասնակցելու իրավունքին առաջադրվող պահանջները, հայտատուների կողմից հանձնաժողովին ներկայացման ենթակա փաստաթղթերի և հավաստիացումների ցանկը: Որակավորման հայտերի և առաջարկի հարցման փուլի հայտերի ներկայացման համար սահմանվել են նվազագույն ժամկետներ՝ համապատասխանաբար 40 օր և 60 օր:
Սահմանվել են նաև առաջարկի հարցման փուլ անցած (որակավորված) հայտատուների կողմից ներկայացվող տեխնիկական առաջարկին և ֆինանսական առաջարկին ներկայացվող պահանջները, տեխնիկական առաջարկի չափանիշները (1. գործարար ծրագիր, 2. տեղեկատվական համակարգ (Software) և 3. ֆիզիակակն ենթակառուցվածք) և դրանցից յուրաքանչյուրի ենթաչափանիշները, դրանցից յուրաքանչյուրին տրվող կշիռը և գնահատականը:
Սահմանվել է նաև ֆինանսական առաջարկի կշիռը և գնահատականը: Նախագծով սահմանվել է նաև, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի առաջին ընտրությունն անցկացվում է որակի և արժեքի վրա հիմնված ընտրության գնահատման եղանակով: Միաժամանակ, սահմանվել են խաղային գործունեության կարգավորման օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը, ինչպես ն աև մրցույթը չկայացած համարվելու հիմքերը:
Նախագծի զեկուցող, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը կառավարության նիստի ժամանակ նշեց, որ այս բարեփոխումը թույլ է տալու վերահսկել խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները․ «Ընդ որում հիշեցնեմ, որ համաձայն կատարված օրենսդրական փոփոխությունների՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտ եւ հարկվելու են եկամտային հարկով։ Սրա միջոցով մենք նաեւ հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատությունն ենք բարձրացնում եւ ակնկալում հարկային եկամուտների ավելացում»։
Հակոբյանը, որպես ռեֆորմի երկրորդ խումբ արդյունք նշեց այն, որ համակարգը թույլ կտա վերահսկել նաեւ խաղային սարքավորումների եւ ծրագրային ապահովման միջոցների տեխնիակակն վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների շահերի եւ իրավունքների պաշտպանություն, ինչպես նաեւ հանրության խոցելի խմբերին զերծ պահելով խաղամոլությունից։