Կսահմանվի Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը

Կսահմանվի Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը՝ հստակեցնելով Փաստահավաք հանձնաժողովի կողմից Հանրային խորհրդի հաստատմանը եզրափակիչ զեկույց ներկայացնելու ժամկետը, լսումների և քննարկումների իրականացման ընթացակարգերը, Փաստահավաք հանձնաժողովի կողմից նիստերի միջոցով աշխատանքների կազմակերպման ընթացքը և որոշումներ ընդունելու կարգը, Փաստահավաք հանձնաժողովի անդամների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովման միջոցները և գործավարության կարգը: Համապատասխան որոշման նախագիծն ընդունեց ՀՀ կառավարությունը։

2024 թվականի դեկտեմբերի 4-ին «Հանրային խորհրդի մասին» օրենքում փոփոխությունների ընդունմամբ առաջին անգամ նախատեսվել են փաստահավաք գործառույթներ իրականացնող մարմնի՝ Փաստահավաք հանձնաժողովի ձևավորման կարգը, նպատակները, իրավասությունները և փաստահավաք գործունեության իրականացման համար անհրաժեշտ այլ կարգավորումները:

Այս հանձնաժողովի գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2023 թվականը ներառյալ ժամանակահատվածում որոշակի ոլորտներում մարդու իրավունքների հիմնարար և պարբերական խախտումների բացահայտման ուղղությամբ կիրականացվի փաստահավաք գործունեություն և դրանց վերաբերյալ կկազմվի փաստահավաք զեկույց:

Փաստահավաք հանձնաժողովն իր գործառույթների շրջանակում իրականացնելու է տեղեկությունների հավաքագրում, նյութերի ուսումնասիրություններ, հարցազրույցներ և հանրային լսումների անցկացում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ այցելությունները և այլն, ինչը կապահովի պատշաճ զեկույցի կազմումը:

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ որոշման ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հանրային խորհրդի ժամանակավոր հանձնաժողովի՝ Փաստահավաք հանձնաժողովի գործունեության ապահովումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև