ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է. ՏԿԵ նախարար | 1lurer.am

1lurer.am  Հայաստանը ստանում է ապաշրջափակված ճանապարհներ մեր տարածքային ամբողջականության, սուվերենության պահպանմամբ, որը, կարծում եմ, շատ կարևոր է մեր պետության զարգացման տեսանկյունից: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

«Այս փուլի համար այնքան մեկնաբանություն և այնքան ինֆորմացիա, ինչքան նպատակահարմար է եղել փոխանցել, փոխանցվել է, և ես այս պահին դրան ավելացնելու ոչինչ չունեմ: Առաջիկայում կմեկնարկեն աշխատանքային պրոցեսներ, և այն պահից սկսած, երբ հավելյալ ինֆորմացիա փոխանցելու անհրաժեշտություն լինի, վստահաբար, Կառավարությունն այդ ինֆորմացիան կփոխանցի»,- նշեց Խուդաթյանը:

«Խաղաղության պայմանագրի նախաստորագրումը մեզ մի շատ մեծ քայլ մոտեցնում է խաղաղությանը, ինչը, կարծում եմ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար սպասված և ուրախալի և կարևոր իրադարձություն է: Պիտի ասեմ, որ նախկինում այսպիսի մեկնաբանություններ էլի են հնչել խաղաղության պայմանագրի տեքստի մասով, երբ չարագուշակ մեկնաբանություններ էին արվում, իսկ տեքստի հրապարակումից առաջ պարզվեց, որ այնտեղ ՀՀ-ի համար ոչ մի սարսափելի, ոչ մի ողբերգական և ոչ մի չարագուշակ բան չկար:

Հայաստանի Հանրապետության համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնում են Ադրբեջանով, որովհետև ապաշրջափակումը երկկողմանի պրոցես է»,- ասաց ՏԿԵ նախարարը:

Հիշեցնենք, որ եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև