Կիբեռմիջադեպերի բացահայտման նպատակով կստեղծվի Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին | 1lurer.am

1lurer.am  «Կիբեռանվտանգության մասին» օրենքով մենք սահմանում ենք կենսական նշանակություն ունեցող ոլորտները և կրիտիկական ենթակառուցվածքները թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում: Սահմանվում են չափանիշներ՝ ռիսկերի և ազդեցության գնահատմամբ, սահմանվում են ԻՍՕ 27,001 ստանդարտը և այլ ստանդարտներ, որոնցով պետք է ապահովվեն թե՛ հանրային հատվածի, թե՛ պետական ապարատի, թե՛ մասնավոր հատվածի քաղաքացիական ենթակառուցվածքներ շահագործող ընկերությունների համար: Այդ մասին Կառավարության՝ օգոստոսի 14-ի նիստին ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ տեղեկացնելով, որ «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների, ինչպես նաև հարակից օրենքների նախագծերի փաթեթը պատրաստ է ԱԺ ուղարկելու:

«Իհարկե, սա չի բացառում, որ մենք ապագայում հրաժարվելու ենք մեր ազգային ստանդարտները մշակելու և ներդնելու գաղափարից, պարզապես պետք է հոգ տանենք, որ այդ ազգային ստանդարտները լինեն մրցունակ միջազգային ստամդարտների համեմատությամբ, ինչպես նաև համահունչ լինեն մեր ներքին խնդիրներին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ նոր մարմինը, որը կոչվում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, ունենալու է հանձնաժողով, որի անդամներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից:

«Կիբեռմիջադեպերի բացահայտմամբ է զբաղվելու այս մարմինը, փորձելու են կանխարգելել կիբեռմիջադեպերը, իսկ արդեն կիբեռմիջադեպերի առկայության պարագայում, հնարավորինս արագ համագործակցելով պետական գերատեսչությունների, իսկ մասնավոր հատվածի պարագայում՝ մասնավոր ընկերությունների ներքին համակարգերն աշխատեցնող, կիբեռանվտանգային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ, նվազեցնելու է կիբեռմիջադեպերի կողմից հասցված վնասները: Այսինքն՝ հիմնական առաքելությունը պետական ապարատի համար այն է, որ այս մարմինը լինելու է անվտանգային գործառնությունների կենտրոն»,- ասաց նա:

Այս մարմինն իրականացնելու է նաև կանխարգելիչ միջոցառումներ՝ տարեկան կիբեռզորավարժություններ: Գործունեությունը լինելու է թափանցիկ, հանձնաժողովը Հայաստանում կիբեռհիգիենայի վերաբերյալ տարեկան զեկույցներով է հանդես գալու ԱԺ-ում:

Կիբեռմիջադեպերը, ըստ նախարարի, միայն Հայաստանի համար մարտահրավեր չեն. աշխարհն այսօր լրջագույն կիբեռսպառնալիքների առաջ է կանգնած, և եթե 5 տարի առաջ աշխարհի ընդհանուր ՀՆԱ-ի 1 տոկոսի՝ շուրջ 1 տրիլիոն դոլարի չափով էր վնաս հասցվում տնտեսություններին, ապա վերջին 5 տարիների ընթացքում, ըստ Մխիթար Հայրապետյանի, բազմակի ավելացել են այդ վնասները, դրանք մինչև անգամ հնգապատկվել են:

«Հետևաբար սա մեզ դրդում է արագ գործողությունների, և ես հույս ունեմ՝ օրենքի ընդունումը մի մեծ առաջին քայլ է այս ճանապարհին»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ փաթեթով ակնկալվում է նաև պետական ապարատի տեղեկատվական համակարգերի ստերիլիզացում, ըստ այդմ սահմանվում են խաղի նոր կանոններ՝ թվային կամ էլեկտրոնային շտեմարաններ վարելու:

«Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տվյալների կրկնությունները մենք բացառելու ենք: Լինելու են շտեմարաններ, որտեղ տվյալները մեկ անգամ են մուտք գործելու՝ իհարկե, օրենքով սահմանված բացառությունները հաշվի առնելով»,- ասաց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև