factor.am Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգվեց: Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպանական թիմը:
Նշենք, որ ժամեր տևած նիստից հետո այսպիսի որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։
«Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ բացառապես օրենքներով։
Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ»,- ասված է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի տարածած հաղորդագրությունում:
Սամվել Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին, երկամսյա ժամկետով: Նա մեղադրվում է իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու հրապարակային կոչ անելու համար։ Կարապետյանը մեղադրանքը չի ընդունում, նրա պաշտպանական խումբը պնդում է, որ առաջադրված մեղադրանքը անհիմն է:
Օրեր առաջ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը։