Օգոստոսի 25-ից սկսած՝ փաստաթղթերը Վարչական դատարան պետք է ներկայացվեն էլեկտրոնային համակարգով

Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարում է, որ 2025 թվականի օգոստոսի 25-ից սկսած՝ Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-12-Ն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30.1-ին կետը, ինչպես նաև, հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-12-Ն օրենքի    11.1.-ին գլխի իրավակարգավորումները՝

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ

1. «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-12-Ն օրենքով սահմանված էլեկտրոնային համակարգը (այսուհետ՝ Համակարգ) արդեն իսկ գործարկվել է https://e-administrativecourt.am ինտերնետային կայքի հասցեով:

2. Վերոնշյալ օրենքը, որի ուժի մեջ մտնելը պայմանավորված է էլեկտրոնային համակարգի գործարկմամբ, ուժի մեջ է մտնելու սույն հայտարարության հրապարկմանը հաջորդող տասներորդ օրվանից՝ 2025 թվականի օգոստոսի 25-ից:

3. 2025 թվականի օգոստոսի 25-ից սկսած՝ դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն) պետք է կազմվեն և ներկայացվեն Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան (բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով) ներքոնշյալ սուբյեկտների կողմից՝

3.1. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, արտոնագրված հաշտարարները և նոտարները՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում Համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որևէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց։

3.2. ֆիզիկական անձինք, որոնք վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել են որևէ գործողություն և հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չեն պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին»:

Խորհուրդը հիշեցնում է նաեւ, որ Քաղաքացիական դատարանների համար արդեն իսկ գործում է «Էլեկտրոնային քաղաքացիական դատավարություն» հարթակը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև