ՄԻԵԴ վճռի հիման վրա զինծառայող Մարատ Դիմաքսյանի մահվան վերաբերյալ գործը կվերանայվի

ՀՀ Վճռաբեկ դատարանը ընդունել է բացառիկ վերանայման բողոքը և որոշել է վերանայել 2013 թ․ ապրիլի 25-ի դատավճիռը Մարատ Դիմաքսյանի մահվան գործով։ Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ հավելելով, որ  ողոքը ներկայացվել է տուժողի իրավահաջորդ Ա․Դիմաքսյանի ներկայացուցիչների՝ գրասենյակի իրավապաշտպաններ Ա․ Սաքունցի, Ա․ Չատինյանի և Ն․ Տեր-Մովսիսյանի կողմից։

Գրասենյակի հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորեւ․

«Բողոքի հիմքը 2023 թ․ հոկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռն է, որով արձանագրվել է Հայաստանի կողմից զինվորի Կյանքի իրավունքի (Կոնվենցիայի 2-րդ հոդված) խախտում։ ՄԻԵԴ-ում Դիմաքսյանի իրավահաջորդի շահերը պաշտպանել է ՀՔԱՎ գրասենյակի նախկին փաստաբան Ա․ Զալյանը։

ՄԻԵԴ-ի որոշումը արձանագրեց, որ Հայաստանի իշխանությունները չեն կատարել իրենց պարտավորությունները՝ ապահովելու զինծառայողների անվտանգության կանոնների պահպանումը, կազմակերպելու անհետաձգելի բժշկական օգնության տրամադրումը, արդյունավետ քննության առնելու մահվան հանգամանքները։

Դատարանը եզրակացրեց, որ տեղի է ունեցել կյանքի իրավունքի նյութական և դատավարական խախտում, ինչպես նաև Կոնվենցիայի 13-րդ հոդվածի խախտում՝ բարոյական վնասի փոխհատուցում պահանջելու անհնարինություն։ ՀՀ-ն Դիմաքսյանի իրավահաջորդին ՄԻԵԴ-ի որոշմամբ վճարեց 30․000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ 2010 թ․ Մարատ Դիմաքսյանը զորակոչվել էր պարտադիր զինվորական ծառայության։ 2012 թ․ փետրվարի 5-ին, մարտական հերթապահության ժամանակ, նա ստացել է հրազենային վնասվածք ուսի շրջանում՝ իր ծառայակցի՝ Գ. Ա.-ի կողմից։ Դիմաքսյանը մահացավ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին՝ արյան սուր կորստից։ Վնասվածք ստանալուց հետո ժամեր շարունակ նրան չէր տրամադրվել անհրաժեշտ բժշկական օգնություն. սկզբում փորձել էին տեղափոխել զինվորական բեռնատարով, ապա՝ տեխնիկապես անպատրաստ շտապօգնության մեքենայով, որը ոչ միայն խափանված էր եղել, այլև չէր ունեցել առաջին անհրաժեշտության բժշկական սարքավորումներ։

Դիմաքսյանի մահվան գործով ՀՀ-ում անցկացված նախաքննությունն ու դատաքննությունը չեն ապահովել բոլոր հանգամանքների և մեղավորների բացահայտում։ Պաշտոնատար անձինք, որոնց պարտավորությունների մեջ էր զինծառայողների կյանքի և առողջության ապահովումը, պատասխանատվության չեն ենթարկվել։ Քննությունը սահմանափակվել է միայն կրակոցն արձակած զինծառայողի գործողություններով, առանց հաշվի առնելու հրամանատարական վերահսկողության և բժշկական սպասարկման կոպիտ թերացումները։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բազմամյա ուսումնասիրությունները փաստում են, որ Մարատ Դիմաքսյանի դեպքը բացառիկ չէ․ զինված ուժերում ոչ պատշաճ բժշկական սպասարկումը և անվտանգության կանոնների համակարգային խախտումները շարունակաբար հանգեցրել են մահվան դեպքերի։ Թեպետ Կազմակերպությունը ներկայացրել է բացառիկ վերանայման բողոք՝ պահանջելով նոր, անաչառ քննություն Դիմաքսյանի գործով, սակայն սա մի շարք դեպքերից միայն մեկն է։ Հիշեցնենք Տիգրան Վարյանի գործը, ում իրավահաջորդի իրավունքների պաշտպանությամբ նույնպես զբաղվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, և ում գործով ՄԻԵԴ-ը արձանագրել էր Հայաստանի կողմից զինծառայողի իրավունքների խախտումը և նրա մահվան հանգամանքների ոչ արդյունավետ քննությունը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակելու է հետևել գործի յուրաքանչյուր փուլին և պահանջելու, որ բանակում յուրաքանչյուր մահվան դեպք քննվի ամբողջությամբ և անաչառ՝ բացահայտելով և պատասխանատվության ենթարկելով բոլոր մեղավորներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև