ԿԿՀ-ն արձանագրել է՝ վարչապետը 2 դրվագով խախտել է վարքագծի կանոնները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 դրվագով խախտել է հանրային ծառայողի համար սահմանված վարքագծի կանոնները։

Դրվագներից մեկը վերաբերում է այս տարվա մայիսի 7-ին Ազգային ժողովում վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանությանը, մյուսը՝ մայիսի 30-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ հոգեւոր վերնախավի վերաբերյալ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հանձնաժողովը մեդիամոնիթորինգի շրջանակներում ուսումնասիրել է վերոնշյալ օրերի մամուլի հրապարակումներն ու երկու առանձին վարույթ հարուցել վարքագծի կանոնների առերեւույթ խախտման առթիվ։ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով է սահմանվում, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները պարտավոր են պահպանել նույն օրենքով սահմանված վարքագծի սկզբունքները եւ դրանցից բխող վարքագծի կանոնները:

Նշենք, որ  նույն օրենքի համաձայն՝ վարքագծի կանոնների խախտումը կարող է առաջացնել կարգապահական պատասխանատվություն, սակայն դա կիրառելի չէ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ: Վարչապետի պաշտոնը ՀՀ-ում պետական քաղաքական պաշտոն է։

Վարչապետի կիրառած «համբալ» արտահայտությունը հատել է իրավաչափության սահմանները

Այսպես․ 2025 թվականի մայիսի 7-ի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին, նշել է. «(…) Մամուլի հրապարակումներով առաջնորդվեմ, սաղիդ պիտի տանեմ լցնեմ ԱԱԾ-ի պադվալը․․․ Առաջինը դու պտի գնաս ու դու կգնաս, հերիք ա մամուլի բան անես, մամուլը ձեր մասին ինչ ա գրում, ինչ ա գրում ձեր մասին մամուլը, գրում ա, որ օտարերկրյա գործակալ եք, հինգերորդ անիվ եք, ազդեցության գործակալ եք (…)»։

ԿԿՀ-ն, ուսումնասիրելով մամուլի հրապարակումները, վարույթ էր հարուցել, որի շրջանակում դիմել էր նաեւ վարչապետին՝ պարզաբանումներ ստանալու։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ափսոսում է տեղի ունեցածի համար, եւ պետք է առավելագույնն անել նման դեպքերի կրկնություն թույլ չտալու համար, բայց եւ նշել է՝ Հայաստանում այս պահին առկա քաղաքական մշակույթը թույ չի տալիս բացառել նման դեպքերը։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ իր հնչեցրած արտահայտությունները եղել են բացառապես քաղաքական բանավեճի շրջանակներում, եւ ինքը որևէ մեկին անձնական վիրավորանք կամ սպառնալիք հասցնելու միտում չի ունեցել:

Վերլուծելով փաստական հանգամանքներն ու առկա օրենսդրական կարգավորումները՝ ԿԿՀ–ն եզրահանգել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերոնշյալ խոսքն իր ոճով, բնույթով և բովանդակությամբ չի անցել քաղաքական բանավեճի շրջանակներում քննադատական խոսքին արձագանքելիս չափազանցությունների, սադրիչ և ցնցող թույլատրելի խոսքի կիրառման սահմանը (Վարքագծի կանոնագրքի 36, 37-րդ կետեր) եւ միաժամանակ այն չի պարունակել սպառնալիք պատգամավորի հասցեին (Վարքագծի կանոնագրքի 39-րդ կետ)․

«Հանձնաժողովը կարծում է, որ ՀՀ վարչապետի նշված խոսքը չի կարող հասկացվել որպես պատգամավորներին ազատությունից զրկելու ուղղակի սպառնալիք, այլ պետք է դիտարկվի մինչ այդ պատգամավորների հետ առկա երկխոսության և ՀՀ վարչապետի ամբողջ խոսքի բովանդակության համատեքստում: Ըստ այդմ, Հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը ոչ թե նպատակ է ունեցել սպառնալ Ազգային ժողովի պատգամավորներին, որ նրանք կզրկվեն ազատությունից, այլ ընդգծել է իր կարծիքով ԶԼՄ հրապարակումների հիման վրա միանշանակ հետևություններ կատարելու խնդրահարույց բնույթը և հակադարձել է ընդդիմադիր պատգամավորների խոսքին’ փորձելով ցույց տալ, որ նրանց հետ կապված առկա են նույնպիսի խնդիրներ, ինչպես որ իշխանության ներկայացուցիչ պաշտոնատար անձանց դեպքում: Նշված խոսքերի սադրիչ բնույթը հանգելրել է Ազգային ժողովի պատգամավորների հետ վիճաբանության, որի շրջանակներում արդեն ՀՀ վարչապետը պատասխանել է դահլիճից արձագանքին’ կրկնելով հետեցրած խոսքերը (պատգամավորը նշել է. «առաջինը դու պիտի նստես», ՀՀ վարչապեսը նշել է. «առաջինը դու պիտի նստես ու դու կնստես»)»,– նշված է որոշման մեջ։

Միաժամանակ ԿԿՀ–ն անհրաժեշտ է համարել քննարկել Նիկոլ Փաշինյանի հետևյալ խոսքի համապատասխանությունը Վարքագծի կանոնագրքի 36- րդ և 37-րդ կետերին. «(…) որ մի հատ էլ եկել, մամուլի հրապարակումներից ես խոսում: Որտեղի’ց քեզ Սևանի ափին տուն: Դու ի’նչ իրավունք ունես Սևանի ափին տուն ունենաս, մի հատ էլ (կանգնում է) գաս ստեղ (շարունակությունը հստակ չի լսվում, լսվում են նաև պատգամավորների արձագանքներ, որոնք հասկանալի չեն): Արա, մի հատ վեր ընկի տեղդ, արա, է, համբալի մեկը, համբալի մեկը:»:

Հանձնաժողովն ընդգծել է, որ ի տարբերություն վերը նշված այլ արտահայտությունների՝ «համբալ» բառի կիրառումը չի պարունակել որևէ լրացուցիչ իմաստային արժեք բացի վիրավորելուց և չի կապակցվել մինչ այդ հետեցրած քննադատական բնույթի խոսքին՝ կապված Սևանի առանձնատուն ունենալու հետ մեկտեղ մամուլի հրապարակումների վկայակոչմամբ իշխանության ներկայացուցիչներին քննադատելու հետ:

Ըստ այդմ, Հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված արտահայտությունն անձնական բնույթի վիրավորանք է, որը, վիրավորելուց զատ լրացուցիչ իմաստային արժեք չունենալով և կապված չինելով քաղաքական բանավեճի թեմայի և համատեքստի հետ, հատել է իրավաչափության սահմանները և հանգեցրել Վարքագծի կանոնագրքի 355-րդ և 37-րդ կետերի խախտման:

«Դոմփել» բառի բառարանային եւ փոխաբերական իմաստները պարզելու նպատակով ԿԿՀ–ն լինգվիստիկական փորձաքննություն նշանակել 

Երկրորդ վարույթի շրջանակում Հանձնաժողովն ուսումնասիրել է Նիկոլ Փաշինյանի՝ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» ֆեյսբուքյան գրառումն ու դրան փոխկապակցված այլ գրառումներ։

ԿԿՀ–ն դարձյալ վարույթի հարուցման որոշումն ուղարկել է վարչապետին՝ նրանից պարզաբանում պահանջելով։ Ի պատասխան՝ վարչապետը հայտնել է, որ «դոմփել» բառը թեև խոսակցական, այնուհանդերձ, անպարկեշտ բառ չէ եւ տվյալ դեպքում ուղղված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արժեքների ու հիմունքների պաշտպանությանը, որոնք սահմանված են «Կանոնագիրք հայոց»-ով:

Վարույթի շրջանակում ԿԿՀ–ն որոշել է լինգվիստիկական փորձաքննություն նշանակել եւ դիմել է  «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ին՝ հղելով հետեւյալ հարցրերը․

«1. Որո՞նք են «դոմփել» բառի բառարանային, ոչ բառարանային և փոխաբերական իմաստները, ժարգոնային, առօրյախոսակցական ոճերում նշված բառն ինչպիսի՞ կիրառություն ունի: Այդ իմաստներով բառարանային ո՞ր բառերին կարող է դառնալ հոմանիշ:

  1. «Գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել» արտահայտությունում «դոմփել» բառն իր ո՞ր փոխաբերական իմաստով է գործածված:
  2. Ի՞նչ իմաստային նրբերանգով կարող է «դոմփել» բառն ընկալվել հասարակության անդամների կողմից:»:

Փորձագիտական եզրակացությամբ արձանագրվել է հետևյալը.

«Հայերենում դոմփել բառը հայերեն խոսակցական լեզվի բառաշերտին պատկանող իմաստային միավոր է, որը մերօրյա ժարգոնային բառապաշարում ունի երկու բացատրություն՝ 1. Հարվածել, խփել 2. Սեռական հարաբերություն ունենալ:

Փորձագետը հավելել է, որ խոսակցական բառապաշարի մերօրյա զարգացումներում դոմփել բառն ունի նաև այլ նշանակություններ, այսպես ասած՝ բառի այլևայլ կիրառումներ (вариации употребления слова, ինչպես՝ «Երկու շիշ դոմփեցինք»: Այսինքն՝ երկու շիշ ալկոհոլ խմեցինք, «Մի հատ հավ դոմփինք», Այսինքն՝ ագահորեն հավ կերանք և այլն:

Մյուս երկու հարցերին փորձագետը հրաժարվել է պատասխանել՝ նշելով, որ դրանք դուրս են իր իրավասության եւ հատուկ գիտելիքների շրջանակներից։

Վերլուծելով փաստական հանգամանքներն ու վերաբերելի օրենսդրական կարգավորումները՝ ԿԿՀ–ն եզրահանգել է, որ թեև վարչապետի վերոնշյալ գրառման մեջ նշում չի կատարվել առ այն, թե ում հասցեին է այն ուղղված և ինչի առթիվ, այնուամենայնիվ, գրառման բովանդակությունից Հանձնաժողովը եզրակացնում է, որ այն վերաբերում է կոնկրետ հոգևորականի (գրառման մաջ գործածվում է «Սրբազան» դիմելաձևը) և գրառումը կատարվել է՝ ի պատասիան ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի վերաբերյալ կամ նրա հասցեին տվյալ հոգևորականի կողմից կատարված քննադատական կամ այլ բնույթի խոսքին («ինձ հետ ինչ գործ ունես» արտահայտության կիրառումից ակներև է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանը կաչ է անում հոգևորականին չքննարկել կամ չքննադատել իրեն կամ արտահայտում է իր կարծիքն առ այն, որ տվյալ հոգևորական սպասավորը չի կարող քննադատել ՀՀ վարչապետին:

Հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից «դոմփել» բայը գործածվել է իր երկրորդ նշանակությամբ՝ «սեռական հարաբերություն ունենալ» իմաստով։

Միաժամանակ Հանձնաժողովն ընդգծել է, որ թե ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի խոսքերին ի պատասխան՝ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու սպասավորների արձագանքը, թե վարչապետի վերոնշյալ գրառումը հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր են, այնուհանդերձ, վարչապետի գործածած արտահայտությունները գռեհիկ, անվայելուչ եւ կոպիտ նրբերանգ են հաղորդել գրառմանը․ «Հանձնաժողովն ընդգծում է, որ թեև կուսակրոն հոգևորականի կողմից կուսակրոնության ուխտը պահպանելու հանգամանքը կարող է համարվել հանրային հետաքրքրության առարկա, նույնը չի կարելի ասել այն անձի ինքնության առնչությամբ, ում հետ տվյալ հոգևորականը ենթադրաբար գտնվում է սեռական հարաբերությունների մեջ: Թեև հոգևորականին կամ նրա հետ սեռական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը նույնականացնող տվյալներ չեն հրապարակվել, այնուամենայնիվ, ՀՀ վարչապետի կողմից ինքնին այդ հանգամանքի հրապարակումը, անգամ անանուն կերպով, կարող է հեղինակազրկել տարբեր հոգևորականների, հանգեցնել նրանց և նրանց հետ ազգակցական կամ խնամիական կապ ունեցող երրորդ անձանց անձնական կյանքի վերաբերյալ լայն հանրության կողմից շահարկումների»:

Վերոգրյալից ելնելով՝ Հանձնաժողովն արձանագրում է, որ ՀՀ վարչապետի կողմից վերոնշյալ գրառման կատարումը խախտել է բարեկրթության և հարգալիրության սկզբունքը և ողջամտորեն կարող էր խիստ բացասաբար ընկալվել հանրության կողմից՝ հանգեցնելով հանրային իշխանության և հանրային ծառայության հեղինակության վնասման, նսեմացման կամ այլ կերպ արատավորման։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև