Թրամփ-Պուտին հանդիպումը Ալյասկայում ավարտվեց առանց Ուկրաինայի պատերազմի դադարեցման պայմանավորվածության

Օգոստոսի 15-ին Ալյասկայում տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի սպասված հանդիպումը չբերեց որևէ համաձայնության, որը կդադարեցներ ռուս-ուկրաինական պատերազմը, թեև երկու առաջնորդներն էլ հանդիպումը «արդյունավետ» որակեցին։

Գրեթե երեք ժամ տևած հանդիպումից հետո երկու նախագահներն էլ հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ հայտարարելով, որ որոշ հարցերում առաջընթաց կա, սակայն առանց մանրամասների և առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

«Որոշակի առաջընթաց ունենք։ Բայց համաձայնություն չկա, քանի դեռ վերջնական համաձայնություն չի կնքվել», – ասել է Թրամփը։ Նա նաև Fox News-ին հայտնել է, որ Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է՝ Պուտինի հետ բանակացությունների արդյունքում։

Նա նաև նշել է, որ հնարավոր է առաջիկայում կազմակերպվի Պուտին–Զելենսկի հանդիպում, որին ինքը ևս կմասնակցի։ Սակայն որևէ հստակություն՝ երբ և որտեղ այն տեղի կունենա, չի տրվել։ Պուտինը լրագրողների հետ զրույցում Զելենսկիի հետ հանդիպման մասին չի խոսել, փոխարենը հայտարարել է, որ սպասում է, որ Ուկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները «կառուցողականորեն կընդունեն» ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքները։

Թրամփը խոստովանել է, որ քննարկվել են նաև հնարավոր տարածքային փոխզիջումների և անվտանգության երաշխիքների հարցեր։ «Կարծում եմ՝ բավական մոտ ենք գործարքի։ Բայց Ուկրաինան պետք է համաձայնի։ Միգուցե նրանք ասեն՝ ոչ», – նշել է նա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը հրավիրված չէր Ալյասկայի գագաթնաժողովին, հանդիպումից առաջ Telegram-ում գրել էր, որ այն պետք է բացի ճանապարհը «արդար խաղաղության» և եռակողմ բանակցությունների համար։ «Ժամանակն է ավարտելու պատերազմը, և դրա համար անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկի Ռուսաստանը։ Մենք հույս ենք դնում Ամերիկայի վրա», – նշել էր նա։

Հանդիպման ավարտին Թրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին և ակնարկել, որ հնարավոր է նոր հանդիպում լինի մոտ ապագայում։ «Հաջորդ անգամ՝ Մոսկվայում», – պատասխանել է Պուտինը։

Լուսանկարը՝ Getty Images:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև