Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են. Ալի Լարիջանին՝ Արմեն Գրիգորյանին

Օգոստոսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։

Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Ալի Լարիջանիին ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու ու կարևոր պաշտոնում: ԱԽ քարտուղարն ընդգծել է, որ ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև հաստատված են ինստիտուցիոնալ կապեր, և վստահություն հայտնել, որ գործող պայմանավորվածությունների իրագործումը կշարունակվի, իսկ համագործակցության նոր ուղղությունները մոտ ապագայում կնախանշվեն:

Ալի Լարիջանին շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքի համար և ընդգծել, որ Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակության են: Հավելել է նաև, որ Հայաստան-Իրան երկկողմ համագործակցությունը միշտ դրական արդյունք է ունեցել, և որ պատրաստ է իր ներդրումն ունենալ բազմաոլորտ համագործակցության շրջանակներում:

Հեռախոսազանգի վերջում ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն Արմեն Գրիգորյանին հրավիրել է Իրան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև