Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Թուրքիայում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ, որոնք շարունակվում են արդեն մի քանի շաբաթ։ Copernicus կլիմայի փոփոխության ծառայության տվյալներով՝ 1980-ականներից Եվրոպան տաքանում է երկու անգամ ավելի արագ, քան մնացած աշխարհը, փոխանցում են Euronews-ից։
Անտառային հրդեհները հարավային Եվրոպայում շարունակում են տարածվել շոգ և չոր եղանակի պայմաններում։ Սինոպտիկները կանխատեսում են, որ շաբաթվա վերջին ջերմաստիճանը կբարձրանա։
Իսպանիան, ինչպես հայտնել է Արտակարգ իրավիճակների ծառայության գլխավոր տնօրեն Վիրխինիա Բարկոնեսը, այս պահին պայքարում է 14 խոշոր հրդեհի օջախների դեմ։
«Այսօր կրկին շատ ծանր օր է լինելու, նոր հրդեհների ծայրահեղ վտանգով»,-գրել է վարչապետ Պեդրո Սանչեսը X-ում։
Իսպանիայում կրակի զոհ է դարձել երեք մարդ, այդ թվում՝ երկու կամավոր հրշեջ։
Ազգային մետեոռոլոգիական գործակալություն AEMET-ը նախազգուշացրել է հրդեհների ծայրահեղ վտանգի մասին երկրի մեծ մասում, ներառյալ հյուսիսը և արևմուտքը, որտեղ արձանագրվել են ամենախոշոր օջախները։ Կանխատեսվում է, որ տաքության ալիքը, որի պատճառով օդի ջերմաստիճանը մի քանի օր անընդմեջ գերազանցում է 40 աստիճանը ըստ ցելսիուսի, կտևի մինչև երկուշաբթի։
Գալիսիա շրջանում հրդեհների պատճառով փակվել է մի քանի ավտոմայրուղի։ Արագընթաց երկաթուղային գիծը, որը Գալիսիան կապում է մայրաքաղաք Մադրիդի հետ, դեռևս չի գործում։
Եվրոպական անտառային հրդեհների տեղեկատվական համակարգի տվյալներով՝ այս տարի Իսպանիայում կրակը ոչնչացրել է 158 հազար հեկտար տարածք․ սա գրեթե Լոնդոնի չափ տարածք է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։