Իսրայելի բանակը հայտնել է, որ կիրակի օրվանից սկսած Գազայի բնակիչներին կտրամադրվեն վրաններ և այլ ժամանակավոր ապաստարաններ՝ նրանց տեղափոխելու համար մարտական գոտիներից դեպի Գազայի հարավ՝ «նրանց անվտանգությունը ապահովելու նպատակով»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Նախորդ շաբաթ Իսրայելը հայտարարել էր, որ նախատեսվում է նոր հարձակում ձեռնարկել՝ վերահսկողություն հաստատելու համար Գազա քաղաքի հյուսիսային հատվածում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախորդ կիրակի ասել էր, որ մինչ հարձակման սկսելը քաղաքացիական բնակչությունը տարհանվելու է այն տարածքներ, որոնք ինքը բնորոշել է որպես «անվտանգ գոտիներ»։
Բանակի հաղորդմամբ՝ ապաստարանային սարքավորումները Գազա կտեղափոխվեն ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով՝ նախապես ստուգվելով Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից։
ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակի ներկայացուցիչը հայտարարել է, որ Իսրայելի ծրագրերը մարդկանց դեպի հարավ տեղափոխելու վերաբերյալ միայն կխորացնեն տառապանքները։ Սակայն ՄԱԿ-ը նաև ողջունել է այն հանգամանքը, որ Իսրայելը վերջապես թույլատրել է վրաններ և ապաստարաններ տեղափոխել Գազա՝ ընդգծելով, որ կառույցը և իր գործընկերները կօգտվեն ստեղծված հնարավորությունից։
ՄԱԿ-ը նախօրեին զգուշացրել էր, որ հազարավոր ընտանիքներ, որոնք արդեն ծանր հումանիտար պայմաններում են, կարող են կանգնել կործանման եզրին, եթե Գազա քաղաքի տարհանման ծրագիրը կյանքի կոչվի։ Պաղեստինյան և ՄԱԿ-ի պաշտոնյաները նշել են, որ գոտում անվտանգ վայր առհասարակ չկա, այդ թվում՝ հարավում, ուր Իսրայելն ինքն է ուղորդում բնակիչներին։
Բանակը հրաժարվել է մեկնաբանել՝ արդյոք նախատեսվող ապաստարանները նախատեսված են Գազա քաղաքի շուրջ մեկ միլիոն բնակչի համար, և արդյոք նրանց կտեղափոխեն Ռաֆա՝ Եգիպտոսի սահմանին մոտ։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ հարձակման պլանները դեռ մշակման փուլում են։
Հիշեցնենք, որ պատերազմը սկսվել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, երբ «Համաս»-ը հարձակվել էր Իսրայելի հարավային շրջանների վրա՝ սպանելով մոտ 1200 մարդու և առևանգելով 251 պատանդի։
Իսրայելի պատասխան հարձակումը, ըստ Գազայի առողջապահության նախարարության, մինչ այժմ խլել է ավելի քան 61 հազար պաղեստինցու կյանք։ Այն առաջացրել է սովի ճգնաժամ, բնակչության մեծ մասի ներքին տեղահանված է։ Ավելվել է Գազայի մեծ մասը։ Մի շարք միջազգային կառույցներ Իսրայելին մեղադրում են պաղեստինցիներին ցեղասպանելու համար։
Լուսանկարում՝ Գազայի Ռաֆահ քաղաքն է/01․2025/Աշրաֆ Ամրա։