Reuters․ Թրամփն ու Պուտինը Ալյասկայում քննարկել են Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները

Ալյասկայում կայացած գագաթնաժողովում քննարկված տարբերակների համաձայն՝ Ռուսաստանը պատրաստ կլինի վերադարձնել Ուկրաինայի հյուսիսում գտնվող Սումիի և հյուսիսարևելյան Խարկովի մարզերի փոքր տարածքներ, այն ինչ Կիևը պետք է զիջի Ուկրաինայի արևելյան հողերի զգալի մասը։ Այս մասին հայտնում է Reuters լրատվականը՝ հղվելով Ռուսաստանի պաշտոնյաներին մոտ գտնվող իր երկու աղբյուրներին։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Պուտինը առաջարկել է դադարեցնել կրակը ճակատային գծերի մեծ մասում, եթե Կիևը զիջի ամբողջ Դոնեցկի մարզը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մերժել է այդ առաջարկը։

Աղբյուրները նշում են, որ Պուտինը, ամենայն հավանականությամբ, պահանջում է նաև Ղրիմի նկատմամբ ռուսական ինքնիշխանության պաշտոնական ճանաչումը։ Պուտինը ակնկալում է, որ որոշ տնտեսական պատժամիջոցներ կմեղմացվեն, թեև աղբյուրները հստակ չեն նշել՝ խոսքը վերաբերում է ամերիկյան, թե եվրոպական պատժամիջոցներին։

Ըստ քննարկումների՝ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին, սակայն Պուտինը բաց է եղել անվտանգության այլ երաշխիքների տարբերակի համար։ Եվրոպացի առաջնորդները հայտնել են, որ Թրամփը շաբաթ օրը խոսել է նման երաշխիքների հնարավորության մասին՝ նույնիսկ «Հոդված 5»-ի ոճի պաշտպանության մեխանիզմի, որը կգործի ՆԱՏՕ-ի դաշնությունից դուրս։ ՆԱՏՕ-ի կանոնադրության Հոդված 5-ը սահմանում է, որ դաշինքի ցանկացած անդամի վրա հարձակումը համարվում է հարձակում բոլորի վրա։ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ին անդամակցելը ռազմավարական նպատակ է, որը ամրագրված է երկրի Սահմանադրությամբ։

Բացի այդ, Պուտինը պահանջել է ռուսերենի պաշտոնական կարգավիճակ Ուկրաինայի որոշ տարածքներում կամ ամբողջ երկրում, ինչպես նաև ռուսական ուղղափառ եկեղեցու ազատ գործունեության ապահովում։

Թրամփը նաև հայտարարել է, որ համաձայն է Պուտինի հետ այն հարցում, որ խաղաղության համաձայնագիրը պետք է կնքվի առանց նախնական հրադադարի, ինչը պահանջում էին Ուկրաինան և նրա եվրոպացի դաշնակիցները։ Մինչ գագաթնաժողովը նա պնդում էր, որ առանց հրադադարի պայմանավորվածություն չի ընդունի։

«Բոլորի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի պատերազմը դադարեցնելու լավագույն տարբերակը խաղաղության ուղղակի համաձայնագիրն է, այլ ոչ թե հրադադարի պայմանագիրը, որը հաճախ չի պահպանվում»,– գրել է Թրամփը իր Truth Social հարթակում։

Զելենսկին իր հերթին ընդգծել է, որ Ռուսաստանի հրադադարը դադարեցնելու ցանկության բացակայությունը՝ դժվարեցնում են երկարատև խաղաղության հասնելու ջանքերը։

«Սպանությունները դադարեցնելը պատերազմի դադարեցման հիմնական պայմանն է»,– գրել է նա X հարթակում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև