ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրություններին և ներողություն է խնդրել։
«ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկու հայտնի դրվագներով վարքագծի կանոնների խախտում է արձանագրել իմ խոսքում։
Սիրելի ժողովուրդ, չնայած որոշումների մի քանի գնահատականների հետ այնքան էլ համաձայն չեմ, բոլորիցդ ներողություն եմ խնդրում։
Ճշգրիտ լինելու համար ընդգծեմ. ներողությունս վերաբերվում է կոնկրետ երկու արտահայտությունների, որոնց վերաբերյալ որոշում է կայացրել ԿԿՀ-ն։ Իսկ դրանց հետ ասոցացված քաղաքական, հոգեւոր եւ բարոյական սկզբունքների վերահաստատման նպատակը եւ այդ նպատակը ժողովրդի աջակցությամբ իրագործելու իմ կամքը անսասան են, որովհետեւ դա կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության քաղաքական, իրավական, հոգեւոր անվտանգության համար։
Իսկ հոգեւոր նորոգման օրակարգում ես ինքս պիտի իմ բացթողումներն ընդունեմ, էմոցիաներս ավելի լավ կառավարեմ։ Քաղաքական եւ պետական նորոգման համատեքստում կարեւոր է հանդուրժողականությունը եւ հարգանքը պետական, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ, ինչը եւ այսպիսով դրսեւորում եմ», – նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը արձանագրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2 դրվագով խախտել է հանրային ծառայողի վարքագծի կանոնները։ Դրվագներից մեկը վերաբերում է մայիսի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությանը, որտեղ նա օգտագործել էր «համբալ» բառը։ Հաջորդը վերաբերում է մայիսի 30-ին Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումներին՝ հոգեւոր վերնախավի վերաբերյալ։ Մասնավորապես, ադրադարձ էր կատարվել «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես» արտահայտությանը։