Սոնա Մնացականյանի մահվան գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1․6 տարվա ազատազրկման

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի զոհ դարձած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի մահվան գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանը դատապարտվեց 1  տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով նաեւ զրկելով ավտոմեքենա վարելու իրավունքից։ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, քիչ առաջ վերադառնալով առանձին սենյակից, հրապարակեց դատավճիռը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ դասակի հրամանատար, մայոր Նավասարդյանը  մեղավոր ճանաչվեց մարդու մահ առաջացնելով՝ ճանապարհատրանսպորտային կանոնները խախտելու (ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մաս) եւ դեպքի վայրը թողնելու (244-րդ հոդված) մեջ։ Վերջին հանցանքի համար, սակայն, նրա նկատմամբ պատիժ չնշանակվեց արարքի ապաքրեականացման հիմքով։

Հիշեցնենք՝  տուժող կողմը միջնորդել էր նրան դատապարտել 4 տարի ժամկետով ազատազրկման, հանրային մեղադրողը՝ 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 1 տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու հետ մեկտեղ։

Նշանակված պատժին հաշվակցելով Արամ Նավասարդյանի՝ նախաքննության ժամանակ անազատության մեջ անցկացրած օրերը՝ որպես վերջնական պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 1 տարի 5 ամիս 26 օր ժամկետով։ Նշենք, որ 242-րդ հոդվածի 2-րդ մասի համար Քրեական օրենսգրքով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի ժամկետով ազատազրկումն է՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը 3 տարի ժամկետով զրկելով։

Միաժամանակ դատարանը վճռեց Արամ Նավասարդյանից հօգուտ պետության բռնագանձել 834 հազար դրամ՝ որպես քրեական գործի շրջանակում կատարված փորձաքննությունների հետ կապված դատական ծախսեր, իսկ տուժողի իրավահաջորդի գույքային հայցը բավարարել մասնակի՝ հօգուտ Մնացականյանների Արամ Նավասարդյանից բռնագանձելով 4 միլիոն ՀՀ դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում։

Նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց՝ Նավասարդյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց երկրից չհեռանալու մասին ստորագրությունը կմնա անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Կպահպանվի նաեւ Արամ Նավասարդյանի գրանցված գույքի վրա դրված կալանքը մինչեւ դատական ծախսերի բռնագանձումը եւ գույքային հայցի հատուցումը։

Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում։

Նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, մահացած Սոնա Մնացականյանի հայրը ասաց՝ ինքը լիահույս էր, որ արդարադատություն կլինի, բայց հիմա համոզված է, որ այն չկա․ «Դատավճռին համաձայն չեմ, բողոքարկելու եմ, որովհետեւ համոզված չեմ, որ այդ 1․6 տարին էլ չի փոխվի, հետագա փուլերում գուցե ազատազրկումն էլ փոխվի մի ուրիշ պատժով»,- ենթադրեց նա։

Անդրադառնալով գույքային հայցը մասնակի բավարարելուն՝ Մնացականյանն ասաց, որ դա իր համար առանձնապես մեծ նշանակություն չուներ․ «Պետք էր ներկայացնել իմ ծախսերը, ես ներկայացրել էի, էսքան բան»։

Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը եւս հայտնեց, որ դատավճիռը պարտադիր բողոքարկելու են․ «Շատ վատ վերաքննիչ բողոք եմ պատրաստելու, չեք պատկերացնում, ահավոր վատ»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ դատավորը երեւի իր հոգու խորքում հասկացավ, որ Արամ Նավասարդյանն անմեղ է, դրա համար էլ նվազագույն պատիժ տվեց նրան։

Ավտոշարասյան վերադաս կազմի մեղավորության մասին հարցին պաշտպանը չցանկացավ պատասխանել․ «Դա իմ թեման չէ, ես չեմ ցանկանում մեկնաբանել, դրանով կա նշանակված երկու փորձաքննություն, երկուսով էլ գրված է, որ այդ կազմը մեղք չունի, բայց հիմա տուժողի իրավահաջորդի ներկայացուցչը բողոքարկել է, դրա քննությունը շարունակվում է, ես չգիտեմ»։

Ողբերգական դեպքը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022 թ․ ապրիլի 26-ին Լեո-Պարոնյան խաչմերուկում։ 28-ամյա Սոնա Մնացականյանը փողոցը հատում էր կանաչ լույսի ներքո՝ հետիոտնային գծանմուշներով, երբ վարչապետի ավտոշարասյան առաջին մեքենան հարվածեց նրան։ Շարասյունն առաջնորդում էր հենց Արամ Նավասարդյանը։

Ողջ դատաքննության ընթացքում Արամ Նավասարդյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ պնդել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում անարդար քննություն։ Ըստ պաշտպանական կողմի՝ փորձագետները կադր են հանել՝ այդպիսով արհեստականորեն մեծ ցույց տալով Նավասարդյանի մեքենայի արագությունը։ Կառավարության համապատասխան որոշմամբ՝ այն չպետք է գերազանցեր 100 կմ/ժ-ը, սակայն փորձաքննության եզրակացության համաձայն՝ 108.7 կմ/ժ էր, իսկ ըստ պաշտպանների՝ 72 կմ/ժ։

«Ցավում եմ կատարվածի համար, կրկին իմ ցավակցությունն եմ հայտնում տուժողի հարազատներին եւ սգում նրա մահը։ Անարդար քննությամբ փորձաքննություններ չնշանակելը, սույն գործի համար վճռորոշ նշանակություն ունեցող հարցը՝ վտանգի առաջացման պահը հանելը մի ցավ էլ ինձ են պատճառել։ Հուսով եմ՝ դատարանը կառաջնորդվի ոչ թե մի խումբ անձանց ճնշումներով, այլ օրենքի տառով, իմ գործողությունները  կգնահատի ինձ վերաբերելի իրավական նորմերով եւ կկայացնի արդարացման վերդիկտ»,-իր վերջին ելույթում նշել էր մեղադրյալը։

 

Քրեական գործով կողմերի եզրափակիչ ելույթները կարող եք կարդալ այստեղ

Սոնա Մնացականյանի գործի վերաբերյալ «Ինֆոքոմի» հետազոտությունը կարող եք կարդալ այստեղ

Գլխավոր լուսանկարում՝ Արամ Նավասարդյանը

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ