Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղություն է հաստատվել: Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ այսօր հղած ուղերձում։

Փաշինյանը նախ ընթերցեց Վաշինգտոնում ընդունված հռչակագրի կետերը, ապա ասաց, որ հարկ է համարում հանդես գալ գնահատականով, թե գործնականում ինչ է նշանակում մեջբերվածը, որն է տեղի ունեցածի քաղաքական իմաստն ու նշանակությունը։

«Օգոստոսի 8-ից հետո մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր Հարավային Կովկասում, մենք ապրում ենք բացարձակապես ուրիշ, բոլորովին նոր ՀՀ-ում, եւ այս փաստը պետք է գիտակցել։ Այս փաստը պետք է գիտակցել։ Այսպես ասում եմ, որովհետեւ դա հեշտ չէ, դա մեզ անծանոթ իրավիճակ եւ իրողություն է։

Մենք՝ Երրորդ հանրապետության քաղաքացիներս չգիտենք՝ ինչ է նշանակում խաղաղություն, ինչ է նշանակում ապրել խաղաղության պայմաններում, աշխատել խաղաղության պայմաններում, դա մեզ անծանոթ զգացում է, որովհետեւ մեր անկախության առաջին օրից մենք ապրել ենք կոնֆլիկտի մթնոլորտում, պատերազմի կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում», – հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանը ուղերձում ընդգծեց․

«Հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորածին եւ ոչ միայն նորածին երեխան, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում նորակառույց եւ նորաբնակ տունը, ինչպես ամենօրյա խնամք եւ հոգատարություն է պահանջում, այո, նոր ու սիրելի ավոտմեքենան։

Այսպիսին է եւ օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի աջակցությամբ հաստատված խաղաղությունը, եւ մենք պետք է ամենօրյա խնամք տանենք այդ խաղաղության նկատմամբ։

Սա նոր կյանք է, եւ մենք մեր այս նոր կյանքը պետք է ապրենք նորովի։ Մեր կյանքը, կենցաղը, խոսույթը, իրականությունը այնքան են ներծծված կոնֆլիկտով, պատերազմով, որ պետք է կառավարել նույնիսկ մեր իրականության եւ խաղաղության բախման ռիսկը։ Սա նուրբ, չափազանց նուրբ սոցիալ-հոգեբանական, հանրային-քաղաքական, կառավարչական, տնտեսական աշխատանք է, որը պիտի միասին անենք, յուրաքաչնյուրս մեր տեղում, մեր չափով, բայց միասին, բոլորով, ժողովրդով, ամենքով»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև