Պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված թեմատիկ քննարկումները շարունակվում են

Պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված թեմատիկ քննարկումները շարունակվում են

Պարեկային ծառայողների հաղորդակցման մշակույթի կատարելագործմանն ուղղված թեմատիկ քննարկումները շարունակվում են։ Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը:

Նշվում է, որ հերթական ոչ ֆորմալ հանդիպումն է տեղի ունեցել ՆԳՆ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման նորակառույց կենտրոնի վարչական համալիրում։ Հանդիպման բանախոսն էր ՆԳ նախարարի խորհրդական Սևան Քոչարյանը, որն ունի ծառայության 43 տարվա փորձ։

«Ոստիկանության պաշտոնաթող գեներալ-մայորը կիսվել է երկարամյա գործունեության ընթացքում կուտակած մասնագիտական գիտելիքներով ու փորձով, ներկայացրել այդ ընթացքում հանդիպած դժվարություններն ու դրանք հաղթահարելու անձնական մոտեցումները։

Սևան Քոչարյանի խոսքով անկախ զբաղեցրած պաշտոնից անձնակազմում առաջնահերթ է պահպանել համախմբված և գործընկերային մթնոլորտ, որտեղ առավել քան կարևոր են մարդկային որակներն ու փոխադարձ հարգանքը։

Հանդիպումը խթանելով միջսերնդային հաղորդակցությունը՝ ներկաներին հնարավորություն է տվել ակտիվ քննարկել աշխատանքային առօրյայում հանդիպած դեպքերն ու իրավիճակները, ստանալ խորհուրդներ և համատեղ վերլուծել կոնֆլիկտային իրավիճակների արդյունավետ կառավարման, հաղորդակցության, կոնկրետ իրավիճակում որոշումներ կայացնելու հմտությունների զարգացման ուղիները։

ՆԳ նախարարության այս նախաձեռնության շրջանակում նման ձևաչափով հանդիպումները շարունակական են, որոնք միտված են և՛ պարեկային ծառայող-քաղաքացի հաղորդակցության որակի բարելավմանը, և՛ հանրության շրջանում ոստիկանության հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը»,- ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն