ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Բյուրակն գյուղի վարչական տարածքում, բազալտի հանքի հատկացված սահմաններից դուրս, իրականացնում է ընդերքի ապօրինի արդյունահանում:
«Օգոստոսի 11-ին համայնքային ոստիկանները ստուգեցին օպերատիվ տվյալը: Տեղում աշխատում էին թրթուրավոր էքսկավատորներ ու տարբեր հաստոցներ: Պարզվեց, որ հատկացված երկուսուկես հեկտար տարածքից դուրս սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, առանց թույլտվության և պայմանագրի, արդյունահանում է ծավալել նաև շուրջ 700 քառակուսի մետր գյուղատնտեսական նշանակության հողերում՝ պետությանը պատճառելով վնաս, որի չափը պարզվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ. «Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»: