Փորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման դեմ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:

«Օրերս Ազգային անվտանգության ծառայություն տվյալներ են ստացվել, որ քաղաքացին պատրաստվում է մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն ներմուծել թմրամիջոցներ։ Նշված տեղեկությունները փոխանցվել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ԱԱԾ և ՊԵԿ  աշխատակիցները համատեղ ձեռնարկել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

Պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Գ․Թ․-ն, Բագրատաշեն սահմանային անցման կետով Հայաստանի Հանրապետություն է ներմուծելու տարբեր տեսակի թմրամիջոցներ: Արդյունքում քաղաքացին վերցվել է հսկողության։ Օրեր անց հիշյալ քաղաքացին մարդատար տրանսպորտային միջոցով ժամանել է։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, համագործակցելով պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցների հետ, մաքսային զննման են ենթարկել տվյալ տրանսպորտային միջոցը: Համապատասխան թաքստոցից հայտնաբերվել են «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ շուրջ 900 հաբ, 340 գրամ «կոկաին» և 50 գրամ «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ։

Պարզվել է, որ նշված տրասնպորտային միջոցով, բացի ՀՀ քաղաքացուց, Վրաստանից Հայաստան են ժամանել Վրաստանի քաղաքացիներ: Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ՀՀ 2 քաղաքացի և Վրաստանի 2 քաղաքացի ձերբակալվել են և ներկայացվել Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության Մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց ինքնությունը պարզելու, ինչպես նաև Երևան քաղաքի տարբեր հատվածներում արդեն իսկ տեղադրված թմրամիջոցների փաթեթները հայտնաբերելու ուղղությամբ»,- նշված է ՊԵԿ հայտարարության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև