ԱՊՀ երկրները գոհ են Երևանի և Բաքվի ստորագրած փաստաթղթերից․ Լեբեդև | civilnet.am

civilnet.am

Անկախ պետությունների համագործակցությունն ակնկալում է, որ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթերը կդառնան խաղաղության համաձայնագրի կնքման հիմք։ Այս մասին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը կազմակերպության կանոնադրական և այլ մարմինների մշտական ներկայացուցիչների խորհրդի նիստում։

Նրա խոսքով Համագործակցության երկրները գոհ են եղել Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունից՝ այն համարելով կարևոր քայլ տարաձայնությունների լուծման և խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ։

«Ինչպես մենք բոլորս Համագործակցության երկրներում գոհ էինք Ղրղզստանի և Տաջիկստանի միջև միջպետական սահմանի վերաբերյալ պայմանագրի ստորագրումից, այնպես էլ հիմա մենք՝ Համագործակցության երկրներում, շատ գոհ ենք այս համատեղ հռչակագրի ստորագրումից։ Մենք կարծում ենք, որ սա տարաձայնությունների վերջնական կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին եղած փուլերից մեկն է»,- ասել է նա։

Լեբեդևը հույս է հայտնել, որ խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա Հայաստանին և Ադրբեջանին ակտիվորեն մասնակցել ԱՊՀ աշխատանքներին և կապահովի կազմակերպության բարձրագույն մարմինների նիստերի ավելի համապարփակ անցկացումն իրենց տարածքում։

Սեպտեմբերի 29-ին Մինսկում տեղի կունենա ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև