Փամբակի ավագանին Քարաբերդի ոսկու հանքավայրի ուսումնասիրությանը նախնական համաձայնություն է տվել. Վանաձորը կարող է փոշու մեջ կորչել | hetq.am

hetq.am Փամբակի ավագանին այսօր արտահերթ նիստ է անցկացրել և նախնական համաձայնություն տվել Քարաբերդի ոսկու հանքավայրի արևմտյան և արևելյան տեղամասերում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելու «Զով-Գուժ» ՍՊԸ-ի նախնական հայտին: Ավագանին այդ որոշումը կայացրել է 6 կողմ, 4 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Սա նախնական համաձայնությունն է, սակայն ընկերությունը դեռևս պետք է շրջակա միջավայրի փորձաքննության գնահատման ներկայացնի իր նախագիծը և ստանա դրական կամ բացասական եզրակացություն:

Օգոստոսի 15-ին Փամբակ համայնքի Քարաբերդ բնակավայրում հանրային լսում էր անցկացվել, որը բավականին թեժ և լարված էր անցել: Ակտիվ քաղաքացիներն ու բնապահպանական ոլորտի ՀԿ ներկայացուցիչները նույնպես ներկա էին լսմանը և դեմ կարծիքներ էին արտահայտում, սակայն Փամբակ համայնքի ղեկավար Սուրեն Կոստանդյանն ընդհատեց քննարկումը` համարելով այն կայացած: Իսկ հանրային լսման արձանագրությունն ընթերցելիս տպավորություն ես ստանում, որ հանքի ուսումնասիրությանն ու նույնիսկ հետագա շահագործմանը գյուղացիները կողմ են, նույնիսկ՝ ուրախ:

Շրջակա միջավայրի նախկին փոխնախարար, անտառագետ Այսեր Ղազարյանը տարածական վերլուծություն է իրականացրել Քարաբերդի ոսկու հանքավայրի գործող, ինչպես նաև հայցվող տարածքի վերաբերյալ և պարզել, որ ներկայացված տվյալները չեն համապատասխանում իրականությանը:  Բացի Քարաբերդից, Վանաձորը և հարակից գյուղերը ևս ակնհայտորեն ազդեցություն են կրում և կրելու Քարաբերդի հանքավայրի շահագործումից:

Այսեր Ղազարյանը ցույց է տալիս, թե ինչպես է «Ասսաթ» ՍՊԸ-ն հատել Եղեգնուտի անտառտնտեսության պատկանող 0.3-0.4 հա անտառը, ինչը նախատեսված չէր ՇՄԱԳ նախագծում, ինչի մասին որևէ տեղ արձանագրված չէ: Ավելին, ՇՄԱԳ նախագծում այլ տարածքի կոորդինատներ է ներկայացվել, ինչ չի համապատասխանում հանքարդյունաբերական գործունեության բուն տարածքի հետ: Բացի դրանից, անտառկառավարման նոր քարտեզը գծվել է կատարված անտառահատման և փոփոխության հիման վրա, ինչը նշանակում է, որ դրանով իսկ քողարկվել է անտառի ոչնչացման փաստը:

«Շրջակա միջավայրի նախարարությունը ոչ միայն որևէ կերպ չի ստուգում, չի անդրադառնում իրենց ներկայացրած փաստաթղթերին, որոնցով ՇՄԱԳ դրական եզրակացություն են ստանում տվյալ կազմակերպության` «Ասսաթ» ՍՊԸ-ի մասով, այլ նաև բացասական ազդեցությունից հետո, կտրված անտառով հանդերձ, իրենց անտառկառավարման պլաններով այդ փոփոխությունը գրանցում են և որևէ ձև դրան չեն անդրադառնում»,- նշում է անտառագետը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև