Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութեր

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտման մասին, որը, ըստ հաղորդագրության, միջգերատեսչական համագործակցության արդյունք էր:

Օպերատիվ տեղեկությունն իրացվել է Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ:

«Օգոստոսի 13-ին՝ ժամը 15:20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ:

Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին՝ ժամը 18:10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա:

Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ:

Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն