«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս (2022թ․-ին) մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք [կոմունիկացիաների բացման պարագայում տարանցման] կարգավորումների պարզեցումների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անխախտելիության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխարհի բազմաթիվ զարգացած երկրներում մաքսային եւ սահմանային հսկողության էն ձեւորը, որոնք մեզ ծանոթ են նախորդ տասնամյակներից, արդեն գոյություն չունեն, մասնավորապես կենսաչափական անձնագրերի կիրառման պարագայում գործում են բոլորովին այլ ընթացակարգեր։ Էն ձեւերը, երբ պետք ա մարդկանց ձեռք տալ, շոշափել եւ այլն, էդ ձեւերը բոլոր երկրներում, էդ թվում Հայաստանի բոլոր սահմաններում 5-10-15 տարի հետո չեն լինելու, եւ մենք գնալու ենք պարզեցումների»,- նշեց նա:
Փաշինյանի խոսքով պարզեցումների գնալու են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում, այլ ՀՀ բոլոր սահմանային կետերում, որպեսզի բիզնես միջավայրը, արտահանումը, ներմուծումը, տարանցումը հնարավորինս լինի պարզեցված։
«Մենք պատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորովում է տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անխախտելիության եւ փոխադարձության սկզբունքների շրջանակում»,- նշեց ՀՀ վարչապետը: