Ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքների խնդիրը պետք է լուծվի սահմանազատման գործընթացում. Փաշինյան

Սահմանազատման գործընթացում պետք է [ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հայկական ինքնիշխան տարածքների] խնդիրը լուծվի։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դարձյալ պնդելով, որ խաղաղության տրամաբանության մեջ պետք է առերեսվել, որ կան նաեւ ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո։

«Ինչն է պատճառը, որ սա պետք է անենք, որովհետեւ մենք բազմիցս պայմանավորվել ենք Ադրբեջանի հետ, որ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչում ենք 1991թ․-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը հստակ արձանագրում է, որ Հայկական ԽՍՀ տարածքը նույնական է Հայաստանի Հանրապետության տարածքի հետ, իսկ Ադրբեջանի Հանրապետության տարածքը նույնական է Ադրբեջանական ԽՍՀ տարածքի հետ։

Մենք էդ տարածքները գծանշող բոլոր քարտեզներն ունենք, ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ մենք։ Իմիջիայլոց, Կիրանց-Ոսկեպար հատվածում սահմանազատումն իրականացվել է այդ քարտեզներով, հետագա սահմանազատումն էլ պետք է իրականցվի այդ քարտեզներով, եւ այդ համատեքստում էդ խնդիրը պետք ա լուծվի։

Եթե լինի մտադրություն՝ իրականացնել որոշ տարածքների փոփոխություն համամասնորեն, այսինքն՝ 1 քառակուսի կմ փոխել 1 [այլ] քառակուսի կմ-ի հետ, էդ հարցով մենք պետք է դիմենք ժողովրդին, թե ինչքանով է ժողովուրդը համաձայն նման լուծումների հետ»,- ասաց Փաշինյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև