Հայաստան-ԱՄՆ ընկերությունը ոչ թե վերահսկելու է ճանապարհը, այլ կառավարելու է ճանապարհը, այսինքն՝ բիզնես-կառավարում է իրականացնելու։ Այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես նկատում եմ, որ էսպիսի շեշտադրում կա՝ բա որ լինի երկաթուղի, արդյոք իրանական բեռնատարները կարո՞ղ են էդ ճանապարհը հատել, անցնել։ Ես ուզում եմ բերել օրինակ՝ էսօր ՀՀ մնացած հատվածներում ՌԴ-ի կողմից կոնցեսիայի սկզբունքով կառավարվող երկաթուղին մեր բազմաթիվ ճանապարհներով անցնում է, որեւէ հայկական, իրանական, վրացական, եվրոպական ավոտմեքենա էդ երկաթուղու վրայով անցնելուց որեւէ խնդրի երբեւէ հանդիպո՞ւմ է․ ո՛չ, որովհետեւ դա ՀՀ իրավազորության տարածք է»,- նշեց նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։