civilnet.am|«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրություններ չի նախատեսում։ Այս մասին լրագրողներին հայտնել է կուսակցության փոխնախագահ, էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հինգշաբթի Երևանում կայացած կուսակցության նիստից հետո։
Պապոյաանը հայտնել է, որ օգոստոսի 21-ին կայացած նիստին կուսակցության ղեկավար, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների տարբեր առաջարկներ կան, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, բայց այդ հիմնավորումները բավարար չեն։
«Նախաձեռնող խմբի նիստի ընթացիկ տարբեր մտքեր փոխանակվեցին, այդ թվում՝ հերթական ընտրությունների, կամ միգուցե նաև, քանի որ գիտեք հանրային կյանքում կա նաև քննարկում, միգուցե նաև արտահերթ ընտրությունների։ Ի վերջո որոշեցինք, որ ժողովուրդը քաղաքական ուժերին հինգ տարով մանդատ է տվել, և մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը, հինգ տարին լրանա, բնականաբար գնանք հերթական ընտրությունների»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ վարչապետն ասել է, որ տարբեր այդպիսի առաջարկներ կան, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն։
Հինգշաբթի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Արտահերթ ընտրությունների հետ կապված այդպիսի տեսակետներ, նույնիսկ կոչեր, նույնիսկ կարծիքներ կան, բայց այդ կարծիքների հիմնավորվածությունը դեռ պետք է ստուգել»։
Հայաստանում խորհրդարանական հերթական ընտրությունները նախատեսված են 2026-ի հունիսին։