ԱՄՆ դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ հակասեմականության դեմ պայքարի վերաբերյալ մեկնաբանությունների համար | 1lurer.am

1lurer.am

Փարիզում ԱՄՆ դեսպան, ազգությամբ հրեա Չառլզ Քուշները (որի որդին՝ Ջարեդը, ամուսնացած է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկայի հետ) նամակ է գրել նախագահ Էմանուել Մակրոնին, որում քննադատել է Ֆրանսիայի կառավարությանը՝ հակասեմականության աճի դեմ պայքարում, իր կարծիքով, ոչ բավարար արդյունավետ միջոցառումներ կիրառելու համար: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Քուշները նշել է, որ Ֆրանսիայում հրեաների նկատմամբ ատելությունն աճել է Գազայում պատերազմն սկսվելուց ի վեր: Wall Street Journal-ում հրապարակված նամակում դեսպանը կոչ է արել նախագահ Մակրոնին մեղմացնել Իսրայելի նկատմամբ իր քննադատությունը և ներկայացրել է հակասեմականության օրինակներ:

Դեսպանը նաև կոչ է արել վերանայել ֆրանսիական դպրոցների ուսումնական ծրագիրը, քանի որ, ըստ նրա, «երիտասարդ ֆրանսիացիների գրեթե կեսն ասում է, որ երբեք չի լսել Հոլոքոստի մասին»։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, ԱՄՆ դեսպանին կանչել է նախարարություն՝ հայտարարելով, որ նրա մեկնաբանություններն անընդունելի են, Քուշները խախտում է 1961 թվականի Վիեննայի կոնվենցիան, որը թույլ չի տալիս դեսպաններին միջամտել պետությունների ներքին գործերին։

Քուշների նամակը կրկնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունները, որը նույնպես անցյալ շաբաթ նամակ էր գրել Մակրոնին՝ Ֆրանսիայի առաջնորդին մեղադրելով հակասեմականություն հրահրելու մեջ: Նախագահ Մակրոնը կոչ է անում միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստինի պետությունը և պատրաստվում է այդ քայլին դիմել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև