Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, նրա ավանդը պատմության մեջ անգնահատելի է. ՉԺՀ դեսպան Լի Սինվեյ | armenpress.am

armenpress.am  Հայաստանում Չինաստանի դեսպանատանը հանդիսավոր պայմաններում նշվեց Երկրորդ աշխարհամարտում ճապոնական ագրեսիայի դեմ չինական և խորհրդային բանակների համատեղ հաղթանակի 80-ամյա հոբելյանը։

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյն իր ելույթում խորին հարգանքով խոսեց նրանց մասին, ովքեր իրենց կյանքը զոհաբերել են՝ պաշտպանելու համար ազգային ինքնիշխանությունը, անկախությունը և արժանապատվությունը, պաշտպանել են իրենց օջախներն ու ժողովրդին, ինչպես նաև պահպանել են միջազգային արդարությունն ու համաշխարհային խաղաղությունը։

«Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որը ոչ պակաս բարդ է, քան անցյալում։ Մենք գտնվում ենք գլոբալ խորքային փոփոխությունների շրջափուլում և կանգնած ենք պատմության շրջադարձային կետում։ Մեր ապագայի ուղղությունը կախված է այն ընտրություններից, որոնք մենք անում ենք այսօր։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու մեր կարողությունը կախված է նրանից, թե որքան լիարժեք և ճշգրիտ ենք հասկանում պատմությունը։ Հետևաբար, մեր այսօրվա հանդիպման նպատակը՝ պատմությունից դասեր քաղելն ու համատեղ ապագա կառուցելն է»,- ասաց Լի Սինվեյը։

Արդեն 80 տարի է անցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից, սակայն, ըստ դիվանագետի, դրա ազդեցությունը, տարածվելով ինչպես ջրի ալիքները, շարունակում է զգացվել։ Այսօրվա միջազգային կարգը, բազմաթիվ խնդիրները և հակամարտություններն ունեն 80 տարվա վաղեմության արմատներ, երբ մարդկությունը նոր էր անցել պատմության ամենամեծ, ամենակործանիչ և սարսափելի պատերազմի միջով, որից հետո Եվրոպան վերածվել էր ավերակների, իսկ Ասիան՝ կործանված էր։

«Չին ժողովուրդը դիմադրեց ճապոնական միլիտարիզմի ներխուժմանը և պահեց Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմի Արևելյան ճակատը՝ կարևոր դեր խաղալով պատերազմի վերջնական հաղթանակում։ Հետևաբար, Չինաստանը դարձավ Երկրորդ համաշխարհային պատերազմի չորս հիմնական հաղթող երկրներից մեկը։

Չինաստանը վճռորոշ ավանդ ունեցավ ոչ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այլև հետպատերազմյան միջազգային կարգի հաստատման գործում։ 80 տարի առաջ Հայաստանը ակտիվորեն մասնակցեց Մեծ Հայրենական պատերազմին՝ իր բնակչության ավելի քան 20%-ով ծառայելով ռազմաճակատներում, ինչը ամենաբարձր մասնակցության ցուցանիշն էր տարածաշրջանում»,- նշեց դեսպանը։

Լի Սինվեյն ընդգծեց, որ հայերը հզոր ազգ են, իսկ հայ զինվորներն աշխարհի ամենախիզախ և ամենանվիրյալ մարտիկներից։ Դիվանագետը հիշեցրեց, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Հայաստանը տվել է Խորհրդային Միության չորս մարշալ, մեկ նավատորմի ադմիրալ, ավելի քան 60 գեներալներ։

«Յուրաքանչյուր անգամ, երբ անցնում եմ «Մայր Հայաստան» հուշարձանի կողքով, զգում եմ այս պատմության ծանրությունը։ Յուրաքանչյուր անգամ, երբ կանգնում եմ զինվորների հուշարձանի առջև և խոնարհում ծաղիկներ, կարծես, դիպչում եմ այդ երիտասարդ կյանքերին։ Հայ ժողովուրդ, Դուք հիմք ունեք հպարտանալու։ Դուք այս հողի տերն եք, քանի որ այս հողը շաղախված է ձեր արյամբ։ Հայ ժողովուրդը արժանի է խաղաղության և երջանկության, ձեր ավանդը պատմության մեջ անգնահատելի է։ Դուք ձեր ճակատագրի տերն եք։ Հայ ժողովուրդ, Դուք արժանի եք հարգանքի և բարեկամության, ժամանակին ուս ուսի պայքարեցիք մեր հետ համաշխարհային խաղաղության համար, և այժմ մենք պետք է միասին աշխատենք մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնքի կառուցման նպատակին»,- ասաց Լի Սինվեյը։

Դիվանագետի հավաստմամբ՝ չինացիները բարձր են գնահատում բարեկամությունը և երբեք չենք մոռանա, որ ավելի քան 6,000 հայ զինվորներ Չինաստանի հյուսիսարևելքում մասնակցել են Ճապոնական ագրեսիայի դեմ պատերազմի՝ հաղթանակի համար զոհաբերելով իրենց երիտասարդությունը, արյունը և անգամ կյանքը։

«Մի քանի օր առաջ մենք այցելեցինք այդ վետերաններին։ Հետաքրքիրն այն է, որ նրանք արդեն ավելի քան 100 տարեկան են, բայց երբ նրանց ձեռքը սեղմեցի, դեռևս հստակ զգացի կյանքի ու բարեկամության ջերմությունը։ Նրանք իսկական հերոսներ են, ովքեր կատարել են պատմության վստահված առաքելությունը։ Այսօր մենք պետք է, ինչպես նրանք, կատարենք մեր ժամանակների վստահված առաքելությունը։

Ցանկանում եմ իմ հայ ընկերներին ասել, որ չին ժողովուրդը սիրում է խաղաղությունը և դեմ է պատերազմներին։ Ու հենց այն պատճառով, որ մենք զգացել ենք պատերազմի ցավը, չենք ցանկանում նորից տեսնել պատերազմ և հակամարտություն»,- պարզաբանեց ՀՀ-ում Չինաստանի դեսպանը։

Նրա բնորոշմամբ՝ խաղաղությունը միայն պատերազմի բացակայություն չէ, և միայն ուժերի հավասարակշռություն չէ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև