Իրանի դեսպանը վտարվել է Ավստրալիայից «հավաստի հետախուզական տվյալների» պատճառով, ըստ որոնց՝ Թեհրանը ղեկավարել է հակասեմական հարձակումներն Ավստրալիայում։ Ավստրալիայի հետախուզական գործակալությունը պնդում է, որ Իրանը կանգնած է միջադեպերի, այդ թվում՝ Մելբուռնի Ադաս Իսրայել սինագոգի հրկիզման հարձակման հետևում:
Ավստրալիայի ազգային հետախուզական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը կազմակերպել է առնվազն երկու հարձակում երկրի հրեական համայնքի վրա, ինչը վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կառավարությանը դրդել է վտարել Թեհրանի դեսպանին Կանբերայում: Այս մասին հաղորդում է The Guardian-ը։
Վարչապետ Ալբանեզը հայտարարել է, որ Ավստրալիայի հետախուզական գործակալություններն իրանական հետք են տեսել Սիդնեյի ռեստորանի և Մելբուռնի սինագոգի վրա կատարված հարձակումներում:
ASIO-ի գործադիր տնօրեն Մայք Բուրգեսը նշել է, որ հարձակումները կատարվել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կողմից Ավստրալիայում գործունեություն ծավալող վարձու միջնորդների միջոցով։
Ավստրալիայում ԻՀՊԿ-ն կընդգրկվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, իսկ նոր օրենքները կքննարկվեն դաշնային խորհրդարանի կողմից։