Ռուսական ուժերի կողմից ադրբեջանական քաղաքացիական օդանավի խոցումը և ռուս պաշտոնյաների արձագանքը միջադեպին մեծ հիասթափություն և դժգոհություն են առաջացրել Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Al Arabiya-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը։
«Նախ՝ դա չպետք է տեղի ունենար, քանի որ ռուսական օդանավակայանների վրա անօդաչու թռչող սարքերի հարձակման դեպքում հայտարարվում է հատուկ ռեժիմ: Այն կոչվում է «Գորգ», և երբ այն հայտարարվում է, բոլոր ինքնաթիռները ստանում են անօդաչու թռչող սարքի հարձակման մասին ազդանշան և շրջվում: Վթարից երկու շաբաթ առաջ նույնը պատահել էր մեր ինքնաթիռի հետ, որը թռչում էր նույն ռուսական քաղաք: Օդաչուները ստացել էին ազդանշանը և շրջվել։ Այս անգամ նրանք ազդանշանը տվել էին ինքնաթիռի խոցումից հետո։ Նշանակում է՝ նրանք դա արել են միայն հետաքննություն անցկացնողներին մոլորեցնելու համար։ Նրանք երկու անգամ հարվածել են օդանավին»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Նա նշել է, որ իրենց թիմն անմիջապես ժամանել է վթարի վայր և նկարահանել ամեն ինչ։ Ըստ Ալիևի՝ օդանավի խոցումը ողբերգական սխալ է եղել։ Նա նաև հիշեցրել է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, երբ նոյեմբերի 9-ին Ադրբջանը Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցել, նույն օրն իսկ զանգահարել է Ռուսաստանի նախագահին և ներողություն խնդրել, անմիջապես փոխհատուցում են վճարել զոհված օդաչուների ընտանիքներին և ՊՆ-ին, հետաքննություն սկսել, իսկ այդ ողբերգական սխալը թույլ տված անձինք պատասխանատվության են ենթարկվել (ի դեպ, հանրային տիրույթում տեղեկատվություն չի հրապարակվել, որ մեղավորները պատասխանատվության են ենթարկվել)։
«Մենք նման բան Ռուսաստանից չենք տեսել։ Եվ նրանք դեռ չեն ասում, թե ինչ է պատահել։Մեր ժողովուրդը հիասթափված էր, զայրացած ու վրդովված։ Հետո սկսվեցին Ռուսաստանում ադրբեջանցիների վրա անարդարացի հարձակումները։ Երկու մարդ կտտանքների է ենթարկվել և սպանվել։ Իսկ հրապարակված պաշտոնական տեղեկատվությունն ասում էր, որ նրանք մահացել են սրտի կաթվածից։ Մենք պատասխանատվություն չենք կրում հարաբերությունների վատթարացման համար։ Մենք արձագանքում ենք կառուցողական և օրինական կերպով, բայց երբեք չենք հանդուրժի մեր նկատմամբ ագրեսիայի կամ անհարգալից վերաբերմունքի որևէ նշան կամ դրսևորում»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։