ՀԷՑ-ից 45-50 աշխատակից է հեռացվել, մեծ մասը ղեկավար պաշտոնյաներ։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը մամուլի ասուլիսի ընթացքում։
Ղազարյանի խոսքով, ՀԷՑ-ից հեռացված աշխատակիցների մի մասն ինքն է հեռացման դիմում գրել՝ ճնշման տակ։
«Մինչև այսօր բոլոր դիմում գրողները հեռացվածի կարգավիճակ պետք է ունենան, որովհետև տարբեր ճնշումներով չեն դիմացել, դիմում են գրել, շառուփորձանքից հեռու՝ թողել, գնացել են»,- ասել է Ղազինյանը։
Դավիթ Ղազինյանի գնահատմամբ՝ ազատվածների թվում մեծապես ներկայացված են ղեկավար պաշտոնյաներ, ինչը, նրա կարծիքով, ինքնին խոսում է փոփոխությունների լրջության մասին։ Նա մատնանշում է, որ եթե գործող իշխանությունը նման պաշտոնները հաճախ տալիս է կուսակցական կամ անձնական կապերի հիման վրա, ապա իրենք նախկինում առաջնորդվում էին գործառութային մոտեցմամբ։ Ղազինյանի դիտարկմամբ՝ յուրաքանչյուր ղեկավար պաշտոնյա ունեցել է հստակ պատասխանատվություն, և նրա դիրքում մնալու միակ պայմանը եղել է իր գործառույթների լիարժեք կատարումը։ Այդ իսկ պատճառով, չհաջողելու դեպքում նման պաշտոնյան պարզապես չէր կարող շարունակել աշխատանքը։
«Այսպես գլխատում են ՀԷՑ-ը։ Պետական մարմինները երևի ուղղակի վախենում են համապատասխան սուբյեկտից՝ հաշվի առնելով, որ նա իր պաշտոնը չի թողել (խմբ. Ռոմանոս Պետրոսյանը)։ Ինքը հայտարարում է դա, ու շատ ազատ, անգամ աշխատակիցների մոտ է ասում՝ ничего личного, դու պետք է դուրս գաս, որովհետև քաղաքական այլ հայացքներ ունես»,- ասել է Ղազինյանը։
Ռոմանոս Պետրոսյանը հուլիսին նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Պետական վերահսկողության ծառայության ղեկավարի պաշտոնը։