Հայաստանի կառավարությունը, թեև պաշտոնապես ընդունում է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի միջանկյալ որոշման պարտադիր բնույթը, գործնականում խուսափում է այն կատարելուց՝ պատասխանատվությունը փոխանցելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ). այս մասին հայտարարեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության (ՀԷՑ) գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը՝ օգոստոսի 27-ին Երևանում հրավիրված ասուլիսին։ Նա իշխանությանը մեղադրեց որոշման կատարման իմիտացիա ստեղծելու մեջ։
Խոսքը վերաբերում է Ստոկհոլմի արբիտրաժի կայացրած հրատապ որոշմանը, որով Հայաստանի Հանրապետությանը կարգադրվել է ձեռնպահ մնալ ՀԷՑ-ի նկատմամբ մի շարք գործողություններից, այդ թվում՝ ժամանակավոր կառավարիչ նշանակելուց, կառավարման մարմինների անդամներին փոխելուց, լիցենզիան հետ կանչելուց կամ ընկերության ակտիվները բռնագանձելուց։
Չնայած արբիտրաժային դատարանի որոշմանը՝ ընկերությունում նշանակվել է ժամանակավոր կառավարիչ՝ Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար, իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Ղազինյանն ասուլիսում նշեց, որ ի պատասխան ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի դիմումի, որով խնդրվել էր կատարել արբիտրաժի որոշումը, ՀԾԿՀ նախագահը սկզբում նշել է, որ դա իր իրավասությունների շրջանակում չէ, սակայն հետագայում դիրքորոշում է խնդրել կառավարությունից։
Ղազինյանն ասուլիսում մեջբերեց այդ գրագրությունից հատվածներ, ըստ որոնց՝ կառավարության աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը հաստատել է, որ արբիտրաժային վճիռը ենթակա է անհապաղ և պարտադիր կատարման։ Նրա կարծիքով, սակայն, այդ պատասխանը ձևական բնույթ էր կրում։
«Ստացվում է մի իրավիճակ, որ կառավարությունը իմիտացիա է ստեղծում՝ թե տեսեք, մենք մեր կարծիքը հայտնեցինք, բայց հանձնաժողովն անկախ մարմին է, ինքը պետք է որոշի»,- ասաց նա՝ նման գործելաոճը որակելով «ոչ պետական»։
Ղազինյանը զուգահեռ անցկացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հետ՝ ասելով․ «Պատկերացրեք մի իրավիճակ, որ ՄԻԵԴ-ը որոշում կայացնի, և այստեղ ասեն՝ դե գիտեք ինչ, մեր դատական մարմիններն անկախ են և չեն կատարում այդ որոշումը»։
Նրա խոսքով՝ գնդակն այժմ ամբողջությամբ ՀԾԿՀ նախագահի դաշտում է, որը, թեև ստացել է կառավարության պարզաբանումը, առ այսօր չի կասեցրել ժամանակավոր կառավարչի գործունեությունը։
Շարունակությունը՝ civilnet.am