Վրաստանում 7 ՀԿ-ների բանկային հաշիվներ են սառեցվել. մեղադրում են բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ | factor.am

factor.am

Թբիլիսիի քաղաքային դատարանը, Գլխավոր դատախազության պահանջով, սառեցրել է բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ մեղադրվող յոթ ոչ կառավարական կազմակերպությունների բանկային հաշիվները, գրում է Current time-ը։

Դատարանի որոշմամբ արգելափակվել են հետևյալ ՀԿ-ների հաշիվները՝ Քաղաքացիական հասարակության հիմնադրամ, Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային ընկերություն (ISFED), Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI), Ժողովրդավարության պաշտպաններ, Վրացական ժողովրդավարության նախաձեռնություն (GDI), Սապարի, Սոցիալական արդարադատության կենտրոն։

Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ հաշիվների արգելափակումը կապված է սաբոտաժի, ծանրացուցիչ հանգամանքներում սաբոտաժի փորձի, օտարերկրյա կազմակերպության և օտարերկրյա կառույցների կողմից վերահսկվող կազմակերպության գործունեությանն օժանդակելու, ինչպես նաև երկրի սահմանադրական կարգի և ազգային անվտանգության դեմ ուղղված գործունեության համար ֆինանսավորման մոբիլիզացման գործի քննության հետ։

Նշվում է, թե այս յոթ կազմակերպությունները ցուցարարների համար գնել են հատուկ գազային դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ, դիմակներ, պղպեղի սփրեյ և այլ սարքավորումներ, որոնք ցուցարարներն ակտիվորեն օգտագործել են «ոստիկանության հետ բախումների ժամանակ»։ Բացի այդ, ՀԿ-ների ղեկավարները, Դատախազության պնդմամբ, «բացահայտորեն կոչ են արել հանրությանը անհնազանդություն և դիմադրություն ցուցաբերել, նրանց կազմակերպչական և ֆինանսական գործունեությունն ամբողջությամբ ուղղված է եղել բռնի գործողություններին մասնակցող անձանց և նրանց ընտանիքների անդամների ֆինանսական պաշտպանությանը»։

«Տուգանքները վճարվել են խախտողների օգտին, պաշտպանության ծախսերը հոգացել են, լուծվել են այլ անձնական և կազմակերպչական հարցեր։ Ձեռնարկված գործողությունների նպատակն էր, մի կողմից, խրախուսել անօրինական գործողություններին մասնակցող անձանց, մյուս կողմից՝ պաշտպանել այդ անձանց։ Վերջին հաշվով, համակարգված գործողությունները նպատակ ունեին թուլացնել իրավապահ մարմիններին և խաթարել նրանց բնականոն աշխատանքը»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն