Ֆիրդուսում վերակառուցման աշխատանքների համար թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ գործադիրը հանրության գերակա շահ ճանաչեց

Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում են Երևան քաղաքի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի վերակառուցման և կառուցապատման աշխատանքներ, որոնք իրականացնելու համար Կառավարությունն անհրաժեշտ է համարում Ֆիրդուսի թաղամասին հարող որոշ տարածքների նկատմամբ (թվով 18 միավոր գույք՝ նախկին «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում և 1 միավոր գույք՝ նախկին «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի լոտում) նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:

Համապատասխան նախագիծն ընդունվեց այսօր՝ ՀՀ կառավարության նիստին, չզեկուցվող հարցերի փաթեթով:

Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ Երևանի քաղաքապետը լիազորվել է ՀՀ անունից «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի հետ կնքել Ֆիրդուսի թաղամասին հարող որոշ տարածքներում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր:

Հիմնավորման մեջ ասված է, որ ՀՀ կառավարության որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված՝ Երևանի 33-րդ թաղամասը «ներկայումս մասամբ կառուցապատված է հին և խարխուլ, տարերայնորեն տեղակայված բնակելի տներով և շինություններով, որոնք չեն համապատասխանում հակահրդեհային, սանիտարահիգիենիկ, քաղաքաշինական նորմերին և կարող են պատճառ հանդիսանալ արտակարգ իրավիճակների», իսկ Որոշմամբ գերակա ճանաչված տարածքների մեծ մասում արդեն իսկ նախագծվել և մասնակիորեն իրականացվել են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, մասնակիորեն կառուցապատվել է Ֆիրդուս թաղամասը:

«Ընդհանուր առմամբ Ֆիրդուս թաղամասում առկա է եղել մոտ 373 օտարման ենթակա գույք, որից «Սիթի Սենթր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ի կողմից տարածքի սեփականատերերի հետ նախկինում կնքվել էր թվով 202 պայմանագիր: Ներկա պահին տարածքում առկա է չօտարված 39 գույք, որից 5 միավոր գույքի իրացման անհրաժեշտությունը բացակայում է («Իգդիր Քոնսթրաքշն» ՍՊԸ լոտ), 14-ի մասով ընթանում են դատական գործընթացներ, իսկ մնացյալ 20-ի մասով անհրաժեշտ է գերակա շահի նոր որոշում:

Նշված 19 գույքերի նկատմամբ արդեն իսկ ճանաչվել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ, և տարածքի ձեռքբերող էր ճանաչվել «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ի՝ թվով 1 գույքի մասով և «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 18 գույքի մասով: Օրենքի համաձայն՝ «Ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետից օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը»: «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի լոտում առկա թվով 18 միավոր գույքերի սեփականատերերին ուղարկվել է օտարման պայմանագրերի նախագծերը:

Օրենքի համաձայն՝ «Եթե օտարման պայմանագրի նախագիծն օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին ուղարկելուց հետո` երեք ամսվա ընթացքում, օտարման պայմանագիր չի կնքվում, ապա ձեռքբերողը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում սեփականության օտարման դիմաց ոչ պակաս, քան սույն օրենքով սահմանված կարգով որոշված փոխհատուցման ենթակա գումարը հանձնել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշիվ՝ այդ մասին եռօրյա ժամկետում պատշաճ ձևով տեղեկացնելով օտարվող սեփականության սեփականատիրոջը և օտարվող սեփականության նկատմամբ ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներին: Փոխհատուցման գումարի չափի հաշվարկը պետք է կատարված լինի այն դեպոզիտ հանձնելուց ոչ շուտ, քան մեկ շաբաթ առաջվա դրությամբ:»»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Օրենքով սահմանված եռամսյա ժամկետում սեփականատերերը չեն տվել իրենց համաձայանությունը պայմանագրերը կնքելու համար, ուստի վերը նշված տարածքի վերագնահատված արժեքները և խրախուսման գումարները անհրաժեշտ էր փոխանցել դատարանի կամ նոտարի դեպոզիտ հաշվին՝ օրենքով սահմանված ժամկետում:

Սակայն «Արդահան Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն սահմանված ժամկետում դեպոզիտ հաշվին չի հանձնել փոխհատուցման գումարը, ուստի ՀՀ կառավարության նշված որոշումը վերը նշված 18 միավոր չօտարված սեփականությունների մասով համարվել է անվավեր:

Միաժամանակ՝ 2016 թվականից սկսած «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն 33-րդ թաղամասում նախատեսվող հրապարակի հատվածում՝ լոտ 16, 17 և 18 կառուցապատում իրականացնելու համար ներգրավել է ֆինանսական միջոցներ, մոտ 9,2 մլրդ ՀՀ դրամի չափով, որը նշված տարածքների ձեռքբերող կազմակերպությունների կողմից պետք է ուղղվեր տարածքում օտարման գործընթացի ֆինանսավորմանը:

Բացի այդ, 17-րդ լոտում, որի ձեռքբերողն ըստ որոշման «Կարս Քոնսթաքշն» ՍՊԸ-ն է, դեռևս չօտարված գույքերի օտարման հայցով դիմել է դատարան՝ դատարանի դեպոզիտ հաշիվ փոխանցելով օտարման ենթակա գույքերի փոխհատուցման արժեքները:

Հիմնավորման մեջ ասված է, որ առկա դատական վեճերից 1 գույքի մասով առկա են դատաիրավական խնդիրներ, որոնց առկայությունը հնարավոր է հետևանք հանդիսանա դատական վեճերի մասով հայցերի մերժման, այն է՝ Ֆիրդուս 44-1 հասցեում գտնվող ավտոտնակը ընթացքում օտարվել է այլ անձի: Նշված գույքի մասով ևս հնարավոր է հանրային գերակա շահը համարվի անվավեր:

«Բացի վերը նշված դեպքից՝ օտարման գործընթացի իրականացման ընթացքում նաև առաջանում են իրավիճակներ, երբ ի հայտ են գալիս նոր գույքային միավորներ, կամ հնարավոր է, ընթացող դատական գործերով ընթացակարգային թերությունների հիմքով դատարանի վճիռներով անվավեր ճանաչվեն գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը, ուստի նոր որոշմամբ անհրաժեշտություն է առաջանում տալ նման դեպքերի պարագայում կարգավորումներ, սահմանելով, որ օտարման ցանկում ընդգրկված են համարվում նաև՝

  1. Հանրային գերակա շահ ճանաչված տարածքի սխեմայի սահմաններում գտնվող օտարման ենթակա անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերը,
  2. Սխեմայի տարածքում գտնվող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ ինքնակամ շինությունների / ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով 2024 թվականի հունվարի 1-ից հետո կադաստրային առաջին գրանցում ստացած անշարժ գույքերը,
  3. Սխեմայի տարածքում գտնվող այն անշարժ գույքերը, որոնց մասով նախկինում ընդունված հանրության գերակա շահ ճանաչելու մասին իրավական փաստաթղթերը ձեռք բերողի կողմից սկսած օտարման գործընթացում ընթացակարգային թերությունների հետևանքով դատական կարգով կհամարվեն անվավեր,
  4. Սխեմայի տարածքում գտնվող՝ կադաստրում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող միջանկյալ հողակտորները,
  5. Անշարժ գույքերը ձեռք բերողին օտարելուց հետո կատարված չափագրումներով հայտնաբերվող՝ սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորները»:

 

Նշված դեպքերի համար տարընկալումները բացառելու նպատակով ՏԿԵ նախարարությունն առաջարկում է հանրային գերակա շահ ճանաչելու որոշման մեջ ամրագրել կետ, որով նաև հանրային գերակայի ռեժիմը կտարածվի նշված դեպքերի նկատմամբ և Օրենքով սահմանված գործառույթներին կիրականացվեն գույքի նկատմամբ իրավունքների գրանցման պահից, կամ իրավիճակի ծագման պահից:

«Հաշվի առնելով արդեն իսկ հաստատված քաղաքաշինական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ դեռևս 2016թ-ից «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ն ներգրավել է իր ֆինանսական միջոցները 33-րդ թաղամասում գույքերի օտարման գործընթացն ավարտելու նպատակով, կատարելով իր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ և «Էլիտ Հոլդինգ» ՍՊԸ-ի դիմումը և պատրաստակամությունը՝ լրացուցիչ ֆինանսական միջողներ ներգրավելու վերը նշված 19 միավոր գույքերի օտարման համար, առաջարկվում է ընդունել սույն նախագիծը:

Տարածքի նկատմամբ նոր հանրության գերակա շահ սահմանելը հնարավորություն կտա ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, որով մասնավոր ներդրումների հաշվին Երևանի կենտրոնից կվերանա կիuախարխուլ ոչ uեյuմակայուն, ոչ բավարար խտությամբ և հիմնականում վթարային հանդիuացող բնակելի ֆոնդը և ավարտին հասցնել Ֆիրդուս թաղամասի կառուցապատումը»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Լուսանկարում՝ Ֆիրդուսի թաղամասի շենքերից մեկը, 2021թ., «Հետք»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև