Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված առանձին ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառուների ցանկը եւ սահմանեց աջակցության տրամադրման ընթացակարգը։
Որոշման նախագծի նպատակը բնակարանային ապահովման պետական աջակցության տրամադրումն է 2020թ․ պատերազմի հետևանքով տեղահանված մի խումբ անձանց, մասնավորապես՝ պատերազմական գործողությունների հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց տեղահանված ընտանիքներին։
Նախագծի հիմնավորման մեջ ասված է, որ տեղահանումից հետո նշված ընտանիքները «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով հիփոթեքային վարկավորմամբ ձեռք են բերել անշարժ գույք ՀՀ-ում և սկսած 2023թ․ սեպտեմբեր ամսից՝ այդ վարկերի գծով ամսական մարումները չեն իրականացվում, ինչը կարող է հանգեցնել բանկի կողմից գրավի առարկա հանդիսացող գույքերի բռնագանձման հաշվին վարկային պարտավորությունների մարման գործընթացի։
Նախագծով առաջարկվում է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության միջոցով Ծրագրի՝ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շահառուներին տրամադրված հիփոթեքային վարկերի ամսական մարումները (մայր գումար և տոկոսագումար) իրականացնել ՀՀ պետական բյուջեի միջոցներով՝ վճարման ժամանակացույցերին համապատասխան։
Ընդ որում, որոշման ընդունման պահին ՀՀ քաղաքացիություն չունեցող շահառուների համար հիփոթեքային վարկերի մարման գործընթացը կմեկնարկի ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելուց հետո՝ հաջորդ ամսվա 20-ից։
«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության նկատմամբ ընդհանուր վարկային պարտավորության չափը կազմում է 2,748,446,424 դրամ, ներառյալ 10 տարիների ընթացքում վճարվող տոկոսագումարները, որից 2025թ․ մարումներ իրականացնելու նպատակով կպահանջվի շուրջ 121,444,172 դրամ՝ սկսած 2025 թվականի սեպտեմբերի 20-ից, որը նախատեսվում է ապահովել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 2025 թվականի բյուջեի միջոցների հաշվին՝ ներքին վերաբաշխման միջոցով։