Ուրախ եմ, որ ինձ սպասում են Ռուսաստանում, ես գիտեմ, որ սպասում են, ես էլ միշտ սպասում եմ ՌԴ այցելելու հերթական հնարավորությանը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այն հայտարարությանը, թե ուրախ կլինեն Փաշինյանին տեսնել Ռուսաստանում:
«Ինչպես տեսնում եք բավականին ակտիվ փոխայցերի պրակտիկա կա: Սեպտեմբերի վերջին էլ, այո՛, նախատեսվում է նման այց, բայց մինչ այդ այցը Պեկինում ՌԴ նախագահի հետ շփվելու հնարավորություն կունենամ, այս ամիս հեռախոսազրույց ենք ունեցել»,- ասաց Փաշինյանը:
Անդրադառռնալով ԵՄ-ին միանալու գործընթացին՝ նա նշեց, որ հասկանում են, որ ԵԱՏՄ-ին եւ ԵՄ-ին միաժամանակ անդամակցելը հնարավոր չէ. «Եվ երբ գա էդ կետը, որ վերջնական ընտրությունը լինի անխուսափելի, մենք կկայացնենք համապատասխան որոշում։
Եթե մենք սա պաշտոնական մակարդակում հայտարարում ենք, ուրեմն հնարավոր է ցանկացած սցենար, դա կապված է նաեւ մեր ժողովրդի արտահայտած կամքի հետ, ընթացիկ իրավիճակների հետ, մեր բանակցային գործընթացների հետ, իրադրության, հնարավորությունների, այլընտրանքների վերլուծության մեր արդյունքների եւ հեռանկարների հետ»: