Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է. Փաշինյանի արձագանքը՝ Օ՛Բրայենի պնդումներին | armenpress.am

armenpress.am

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի հոդվածին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։

ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ջեյմս Օ’Բրայենն օրերս Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի համար հրապարակած հոդվածում, անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնություններին, նշել է, թե ԱՄՆ-ն նախապես վճարեց Ալիևի խաղաղության հավաստիացումների դիմաց: Նրա խոսքով՝ Նախագահ Իլհամ Ալիևը չստացավ Հայաստանի կողմից այն ամբողջական զիջումը, որին ձգտում էր, սակայն մեծապես շահեց, քանի որ ստացավ միջանցք, որը կապում է Ադրբեջանի տարբեր մասերը։ Իսկ Հայաստանը հայտնվեց խոցելի վիճակում: Նա նաև կարծիք է հայտնել, որ առնվազն մեկ տարի խաղաղության վերջնական համաձայնագիր չի լինի, քանի որ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է փոխել Սահմանադրությունը։

«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ վարչապետը արձանագրեց, որ Ջեյմս Օ՛Բրայենը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավորման արդյունքում զրկվել է իր բարձրաստիճան պաշտոնից և հիմա խնդիր ունի բացատրելու, թե ինչու նախագահ Թրամփի վարչակազմը կարողացավ անել այն, ինչ իրենք չկարողացան անել։

«Այս տեսանկյունից պարոն Օ՛Բրայենի ասածը մի կողմից շատ տարօրինակ է, մյուս կողմից էլ բացարձակապես տարօրինակ չէ։ Եթե պարոն Օ՛Բրայենը խոսում է Հայաստանի խոցելիությունների մասին, պիտի արձանագրեմ, որ, ցավոք, Հայաստանն ամենախոցելին եղել է հենց իր և իրենց պաշտոնավարման շրջանում։ Ես ուզում եմ հիշեցնել 2023 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2022 թվականի իրադարձությունները, ես ուզում եմ հիշեցնել 2021 թվականի իրադարձությունները։ Եվ պիտի ասեմ, որ մենք երբեք բավարարված չենք եղել այն արձագանքից և աշխատանքից, որ ԱՄՆ-ի՝ այդ պահին գործող վարչակազմը իրականացրել է մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին աջակցելու համար։

Պարոն Օ՛Բրայենն այն մարդն է, որն այդ ամենի արդյունքում զրկվել է իր աշխատանքից, և նրա էմոցիոնալ գնահատականները ես չեմ պատրաստվում մեկնաբանել։ Եթե ինքն աշխատանքից զրկվել է, ինքը պետք է ինքնահայեցմամբ զբաղվի և ոչ թե իր աշխատանքը կորցնելու մեղքը փորձի բարդել Հայաստանի վրա։ Հայաստանն այսօր իր նորանկախ պատմության մեջ ամենապակաս խոցելի վիճակում է։ 1991 թվականից մինչև այսօր մենք ավելի պակաս խոցելի վիճակում չենք եղել։ Եվ, թերևս, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային և քաղաքական  նրբությունները նկատելու հմտությունների պակասն է, որ պարոն Օ՛Բրայենին թույլ չի տվել շարունակել իր աշխատանքը Միացյալ Նահանգների պետդեպարտամենտում»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter