«Ո՞վ է դիրքորոշում հայտնել, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել, Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «չե՞ն կատարելու ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժային դատարանի որոշումը, քանի որ Կառավարությունը հենց ինքն է ընդունում, որ Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է»։
Շարունակելով՝ Փաշինյանը նշեց, որ «ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ինքը նրանց կհեռացնի»:
Նշենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է:
«Ի պատասխան ՀԿԾՀ-ի՝ արբիտրաժային վճռի պարտադիր կատարման ենթակա լինելու վերաբերյալ վարչապետի աշխատակազմ ուղարկված մի շարք հարցադրումների, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը մանրամասն ներկայացրել է վերաբերելի իրավակարգավորումներն արբիտրաժային վճիռների, այդ թվում՝ Ստոկհոլմի արտակարգ արբիտրի հուլիսի 22-ի վճռի պարտադիրության, դրա կամավոր կատարման և ճանաչման վերաբերյալ», – հայտնել էին գրասենյակից։