Լիպարիտ Դրմեյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։
Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով. Լիպարիտ Դրմեյանին ազատել վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
Նշենք, որ երեկ՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե «չե՞ն կատարելու ՀԷՑ-ի վերաբերյալ Արբիտրաժային դատարանի որոշումը, քանի որ Կառավարությունը հենց ինքն է ընդունում, որ Արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր կատարելի է», ասել է.
«Ո՞վ է դիրքորոշում հայտնել, ով դիրքորոշում հայտնել է, թող դիմում գրի, գնա, բացարձակապես նման դիրքորոշում չի կարող լինել, Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ»:
Շարունակելով՝ Փաշինյանը նշեց, որ «ընդհանրապես կառավարությունում եթե մարդիկ կան, որ իր դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, հենց հիմա թող դիմում գրեն շենքերից դուրս գան, եթե՝ ոչ, ինքը նրանց կհեռացնի»:
Նշենք, որ ավելի վաղ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից լրատվամիջոցների հետ զրույցում նշել էին, որ միջազգային արբիտրաժի որոշումը պարտադիր կատարման է: