ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը | armenpress.am

armenpress.am

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունների կարգավորումը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունը։

«Պետքարտուղար Մարկո Ռուբիոն այսօր զրուցել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելով ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և մեր համագործակցությունը՝ որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ»,- նշվել է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նաև նշվել է, որ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության հաստատմանը իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել շարունակական դիվանագիտության անհրաժեշտության հարցում՝ Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը երկարատև, բանակցային կարգավորման միջոցով ավարտին հասցնելու համար:

Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Ֆիդանն ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ նպաստելու ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը։

Կողմերը նաև անդրադարձել են Գազայի իրավիճակին, որտեղ Ֆիդանը շեշտել է մարդասիրական պայմանների բարելավման և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը։

Օրակարգի մաս են կազմել նաև Սիրիայի վերաբերյալ հարցերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ