Մեկնարկում է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձևով» շարժումը

Այսօր մեկնարկում է Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» շարժումը։

Շարժման անդամ Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, շարժման շնորհանդեսի ժամանակ ասաց․ «Մենք հասել ենք մի կետի, երբ մեր ժողովրդի սպասելիքները չեն բավարարվում։ Առկա հասարակական-քաղաքական խմբերը, կենտրոնանալով իրար հանդեպ ատելություն քարոզելու վրա, մեր ժողովրդի մեջ հակասություններ են սերմանում։ Եվ ինչքան ավելի շատ են հակասություններն ու ատելությունը, այնքան ավելի վատ են գնում մեր գործերը»։

Նա կարծում է, որ ըննդիմության ատելությունը, որն առաջացել է անարդարություններից, խանգարում է իրավիճակին նայել սառը եւ ոչ էմոցիոնալ․ «Տարիներ առաջ իշխանության եկած խումբը մեզ կոչում էր հպարտ քաղաքացիներ, մենք էլ ուրախանում էինք։ Այսօր նրանք մեզ մի ուրիշ բանի մեջ են համոզում․ նրանք ասում են, որ մեր ազգը պետք է զիջի ու համակերպվի, որ մեր ազգը ձեւ չունի, որ մեր երկրի զարգացումը ոչ թե ճիշտ եւ հետեւողական աշխատանքի մեջ է, այլ մեր հարեւաններին հանձնվելու, ազգային խորհրդանիշները կորցնելու, չտարբերվելու մեջ է»։

Կարապետյանի պնդմամբ՝ «հայ ազգը ձեւ ունի»․ «Բնում է բոլորին ցույց տալ մեր ձեւը։ Այսօր մենք ազգային բարերար Սամվել Կարապետյանի համախոհներս եւ գործընկերներս հայտարարում ենք «Մեր ձեւով» կամավորական շարժման հիմնադրման մասին»։

Կարապետյանն ասաց, որ կամավորական շարժումն այն հարմար ձեւաչափն է, որը թույլ կտա առանց բաժանելու մեր հասարակությանը՝ համախմբել մարդկանց լավ, մեծ ու բարի գործեր անելու համար․ «Շարժումն ապաքաղաքական կամավոր միավորում է մարդկանց, որոնք պատրաստ են անձնուրաց ծառայել հանրօրգուտ նպատակի։ Մասնակիցները կարող են լինել տարբեր մասնագիտությունների եւ հայացքների տեր մարդիկ, ովքեր կարող են աշխատաքնից ազատ ժամանակ մասնակցել աշխատանքներին»։

Նա նշում է, որ Հայաստանում 2026թ․ կայանալիք ընտրություններում իրենց գործունեության երկրորդ փուլում պատրաստվում են իրենց մշակած մասնագիտական ծրագրերը, նախագծերը շարժման հիման վրա ստեղծվելիք կոսւակցության միջոցով վերածել պետական ծրագրերի։

Ըստ Կարապետյանի՝ շարժումն իրականացնելու է գործողություններ 5 ուղղություններով՝ աշխատանքային խմբերի շրջանակում․

«1-ին խումբ՝ Նոր տնտեսություն – աշխատանք՝ բոլորի համար, բարեկեցություն՝ բոլորի համար։ […] ծՄենք հավաքելու ենք համաշխարհային եւ հայկական տնտեսագետների թիմ, նրանք մշակելու են Հայաստանի տնտեսական զարգացման նոր մոդելը։ [․․․]

2-րդ խումբը կոչում ենք Մեծ հայկական ընտանիք։ Շատերիս համար երջանկության գագաթնակետը մեծ ընտանիքն է, դրան հասնելու համար զույգերը մեծ ճանապարհ պիտի անցնեն, որի ժամանակ բազմաթիվ խնդիրների են բախվում՝ բնակարանային ֆոնդ, կայուն աշխատատեղեր, կրթական համակարգի հետ կապված խնդիրներ։ Մեր այս խումբը պետք է մտածի եւ առաջարկի երիտասարդ ընտանիքների եւ ժողովրդագրության քաղաքականությունը։ [․․․]։

3-րդ խումբը արտաքին քաղաքականության հայեցակարգ մշակող խումբն է։ Այս խումբը առաջիկա ամիսների ընթացքում մեծ աշխատանք ունի անելու։

4-րդ խումբը տաղանդավոր երիտասարդների եւ երեխաների համար է, հետագայում պետական ծրագիր է լինելու, այդ խումբը զբաղվելու է ծրագրի մշակմամբ։

5-րդ խումբը խորհրդանշանակն է մեզ համար․ Առաքելական եկեղեցու եւ ազգային արժեքների պահպանության խումբն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter