Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը արձագանքել է «Կառավարությունն ընդունել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշումը ենթակա է պարտադիր կատարման» դիտարկմանն ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարությանը, թե «Կառավարությունը ես եմ, եթե իմ դիրքորոշմանը հակասող կա, թող հենց հիմա դիմում գրի՝ գնա»:
Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ մեջբերելով ՀՀ սահմանադրությունից և օրենքներից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆ.
«Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը
Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից` տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը:»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (Ընդունված է 2018 թվականի մարտի 23-ին).
«Հոդված 11. Կառավարության որոշումները
- Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ որոշումները և Կառավարության ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են Կառավարության անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Կառավարության այլ որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Նիստին մասնակցող Կառավարության անդամները պարտավոր են մասնակցել քվեարկությանը: Կառավարության անդամները քվեարկում են կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում վարչապետի ձայնը որոշիչ է:»
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ.
«Կառավարությունում չի կարող որևէ մեկը իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ: Կառավարությունը ես եմ: Եթե մարդիկ կան, որ իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունեն, թող դիմում գրեն ու շենքերից դուրս գան: Եթե ոչ, ես ինքս նրանց կհանեմ»։
ՀԱՂՈՐԴՈւՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ.
Նիկոլ Փաշինյանի սույն հայտարարությունը իր մեջ պարունակում է Քրեական օրենսգրքի 441 հոդվածով նախատեսված արարքի հատկանիշներ: Առերևույթ հանցագործության կատարման փաստով պահանջում եմ ՀՀ Գլխավոր դատախազին ընդունել սույն գրառումը որպես հաղորդում ենթադրյալ հանցագործության կատարման մասին և նախաձեռնել փաստի վերաբերյալ քրեական վարույթ:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ.
«Հոդված 441
Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը
- Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի օգտագործելը կամ իր ծառայողական պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ այնպիսի արարք կատարելը, որը չի բխում իր լիազորություններից կամ դուրս է իր լիազորությունների շրջանակից, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` երեքից յոթ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` մեկից չորս տարի ժամկետով:
- Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը`
1) կատարվել է բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով…»,- գրել է Զուրաբյանը: