armenpress.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում հանդիպում է անցկացրել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Պատվիրակությունների մասնակցությամբ երկկողմ բանակցություններից առաջ Պուտինը և Մոդին մոտ մեկ ժամ առանձնազրույց են ունեցել Ռուսաստանի առաջնորդի «Աուրուս»-ում:
«Նրանք զրուցել են մեքենայում՝ վարելու ընթացքում, ապա շարունակել են շփումը մեքենայում», – հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Առաջնորդները մասնակցել են Թիենծինում մեկնարկած Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, ապա միասին ՌԴ նախագահի մեքենայով մեկնել են երկկողմ հանդիպման վայր։
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում Պուտինը նշել է, որ Մոսկվայի և Նյու Դելիի միջև հարաբերությունները զարգանում են հատուկ արտոնյալ ռազմավարական գործընկերության սկզբունքներով։
«Մենք սերտորեն համակարգում ենք մեր ջանքերը միջազգային ասպարեզում՝ ՄԱԿ-ում, ԲՐԻԿՍ-ում, G20-ում և, իհարկե, ՇՀԿ-ում: Այսօր լավ հնարավորություն է՝ քննարկելու բազմաշերտ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հիմնական խնդիրները տարբեր ոլորտներում», – նշել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը և Հնդկաստանը տասնամյակներ շարունակ պահպանել են հատուկ հարաբերություններ՝ բարեկամական, վստահելի, և որ դրանք ստանում են երկու երկրների ժողովուրդների ճնշող մեծամասնության աջակցությունը։
Իր հերթին Մոդին ընդգծել է, որ սերտ համագործակցությունը մեծ նշանակություն ունի համաշխարհային կայունության համար:
«Նույնիսկ ամենադժվարին հանգամանքներում Հնդկաստանն ու Ռուսաստանը միշտ առաջ են շարժվել ուս-ուսի տված», – ասել է նա։
Մոդին նաև նշել է, որ իր երկիրը ողջունում է ռուս-ուկրաինական հակամարտությունը լուծելու վերջին ջանքերը, և որ անհրաժեշտ է գտնել այս նպատակին հասնելու ուղիներ:
«Հնդկաստանն անհամբեր սպասում է Պուտինի այցին՝ դեկտեմբերին կայանալիք համատեղ գագաթնաժողովի համար», – հավելել է Մոդին։
Սա Պուտինի և Մոդիի առաջին հանդիպումն է այս տարի, չնայած որ նրանք պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում միմյանց հետ։
ՇՀԿ-ի 25-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը՝ Չինաստանի Թիենծին քաղաքում։