«Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի»․ Գարեգին Խումարյան | hetq.am

hetq.am Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը ամոթալի փորձ է որակում իր անվան շուրջ ծագած աղմուկն ու իր նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը՝ ապացույցներ կեղծելու մեղադրանքով։

«Անվանս շուրջ հարուցված քրեական գործի վերաբերյալ կասեմ հետևյալը․ այն վերաբերում է իմ կողմից դատական կարգով Հանրային ռադիոընկերության տնօրենի, այսպես կոչված, մրցույթի հետևանքները դատական կարգով բողոքարկելու գործընթացին։ Մեղադրանքը բացարձակ շինծու է և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ այն ոչ այլ ինչ, է քան վարչական-քաղաքացիական ընթացակարգով զարգացող բողոքարկման գործընթացը քրեական գործիքակազմով տորպեդահարելու ամոթալի փորձ»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Գարեգին Խումարյանը։

Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ Խումարյանը հանցավոր մտադրությունն իրագործելու նպատակով փաստաբանի միջոցով ՀՀ վարչական դատարան է ներկայացրել հայցադիմում և վարչական գործով դատավարական փաստաթուղթ հանդիսացող՝ բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Հայաստանի հանրային ռադիոընկերության նախկին գործադիր տնօրենը հիշյալ միջնորդությունը հիմնավորել է նրանով, որ վիճարկվող որոշումներով իր իրավունքների խախտման փաստի մասին տեղեկանալու պահից գործազուրկ է եղել և եկամտի այլ աղբյուր չունենալու պատճառով չի կարողացել օգտվել վճարովի իրավաբանական ծառայություններից, ինչով պայմանավորված, սահմանված ժամկետում հնարավորություն չի ունեցել ներկայացնելու հայցադիմում: Վերջինս ի հիմնավորումն ներկայացված միջնորդության՝ դատարան է ներկայացրել եկամուտների վերաբերյալ տեղեկություն, ըստ որի տվյալ ժամանակահատվածի համար աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ չի ստացել, մինչդեռ ստացած եկամուտը դիտավորությամբ չի ներառել նշված դատավարական փաստաթղթի մեջ՝ այդ կերպ կեղծելով հիշյալ դատավարական փաստաթուղթը:

Ըստ Քննչական կոմիտեի՝ դատարան ներկայացված բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ կեղծ դատավարական փաստաթուղթ հանդիսացող միջնորդությունը բավարարվել է, իսկ հայցադիմումն ընդունվել վարույթ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ