Բաքվի դատարանում Դավիթ Իշխանյանի, Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նախաքննական ցուցմունքներն են ներկայացվել | factor.am

factor.am  Բաքվում Արցախի ղեկավարների և պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական նիստն է տեղի ունեցել՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողերի» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքին աջակցող դատախազները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախագահող դատավորը նախ հայտարարել է, որ հայ գերիներից Գարիկ Մարտիրոսյանին պետության հաշվին նոր պաշտպան է նշանակվել։ Մարիտիրոսյանը որևէ առարկություն չի ներկայացրել  դրա վերաբերյալ։

Դատավարությունը շարունակվել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի նախաքննական ցուցմունքների, ինչպես նաև դրան վերաբերող նյութերի ընթերցմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքում նա հայտնել է, որ այն ժամանակահատվածում, երբ գումարտակի հրամանատար է եղել, իր պարտականությունն էր՝ պաշտպանել Մարտունու շրջանի 8 գյուղերը և մասնակցել ռազմական գործողություններին։

Նշվում է, թե դատարանում ներկայացված նյութերը, իբր, ապացուցում են, որ «չնայած Իշխանյանը պնդում է, որ կապ չի ունեցել  հանցավոր խմբի գործունեության հետ, համալսարանում սովորելու տարիներին նա միացել է ուսանողական միությանը և մասնակցել «Միացում» և «Կռունկ» կազմակերպությունների հանրահավաքներին, և մինչև 1992 թվականը զենքը ձեռքին ծառայել է Ստեփանակերտի և Մարտունու շրջանի դիրքերում, իսկ հետագայում մասնակցել է Ադրբեջանի դեմ պատերազմին»։

Այնուհետև ներկայացվել են Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի նյութերը, այդ թվում՝ նրա նախաքննական ցուցմունքները։ Նա նշել է, որ 1992 թվականի սեպտեմբերին սկսել է ծառայել Արցախի բանակի զինված կազմավորումներում՝ որպես գումարտակի հրամանատարի տեղակալ, որից հետո զբաղեցրել է մի շարք այլ պաշտոններ։ 2007 թվականի մայիսից մինչև 2012-ի նոյեմբերը Մնացականյանը կատարել է Արցախի ՊԲ-ի  շտաբի պետի պարտականությունները, 2012 թվականի նոյեմբերից մինչև 2015-ի հունիսը զբաղեցրել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը։ Թոշակի անցնելուց հետո նա ոչ մի տեղ չի աշխատել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև