armenpress.am Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում ենթակառուցվածքային զարգացման ոլորտում։ Այս մասին նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում Չինաստան կատարած աշխատանքային այցին։
«Վստահ եմ, որ արդյունավետ աշխատանքային այց ունենք Հանրապետության վարչապետի գլխավորությամբ Չինաստան։ Ռազմավարական գործընկերությունը նոր հնարավորություններ է բացում։ Դուք, վստահաբար, տեղյակ եք, որ հիմա էլ Չինաստանի գործընկերների հետ մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում, իրենք ընդգրված են մեր ենթակառուցվածքային խոշոր ծրագրերում, մասնավորապես Հյուսիս-Հարավ ճանապարհի հետ կապված։ Այնտեղ աշխատանքները չինական կազմակերպության կողմից գրեթե ավարտական փուլում են, նաև չինական կազմակերպություն է ներգրավված Կապսի ջրամբարաշինական աշխատանքներում։ Հույս ունենք, որ այդ ծրագիրը, չնայած որոշակի բարդությունների, հաջողություն կունենա»,-ասաց նախարարը։
Խուդաթյանն ընդգծեց, որ նոր հնարավորություններ կան նաև ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքների առաջիկա ծրագրերում։ «Սա նոր հնարավորություն է նոր գործընկերների ներգրավվելու այն ենթակառուցվածքների կառուցման մեջ, որոնք պլանավորել էինք առաջիկայում, իսկ դրանք բավական մեծ են, հիմնականում ճանապարհային և էներգետիկ ենթակառուցվածքներ են և հույս ունեմ, որ այս այցը կնպաստի այդ ծրագրերի մեկնարկին և հաջող ընթացքին։ Արդեն նշեցի, որ մեր խոշոր ենթակառուցվածքային ծրագրերում չինական գործընկերներն մեծ ներգրավվածություն ունեն և քննարկում ենք իրենց ներգրավվածությունը նաև նորերի հետ կապված»,-ընդգծեց Խուդաթյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի կողմից որդեգրված ենթակառուցվածքների ապաշրջափակման քաղաքականությունը բացում է նոր հեռանկարներ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ գլոբալ մակարդակում։ «Մենք հույս ունենք, որ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը նաև հնարավորություն կտա մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը Չինաստանի և մյուս երկրների հետ, և մենք շարժվում ենք այս ուղղությամբ»,-եզրափակեց Խուդաթյանը։