Փաշինյանն ու Ալիևը նույն կերպ են դիտարկում գործընթացները, ըստ Էրդողանի | civilnet.am

civilnet.am Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղություն կհաստատվի. այդ հույսերը նա «նկատել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ երկկողմ բանակցություններում»։

Լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հայ-ադրբեջանական համաձայնությունները արագացրել են խաղաղության գործընթացը։

«Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության օրակարգում խոչընդոտները զգալի չափով հաղթահարել են և վերջնական կետի են հասել։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո համապարփակ հանդիպում ունեցա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նկատեցի, որ երկու կողմն էլ նույն կետում են գտնվում և նույնությամբ են նայում [գործընթացներին]»,- նշել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը խոսել է նաև տարածաշրջանի հաղորդակցային ուղիների մասին․ «Զանգեզուրի միջանցքի հարցում որևէ խնդիր, հակասություն չկա։ Պարոն Ալիևը այդ խնդրում ավելի քան վստահ է։ Նրանց ձեռնարկելիք քայլերի համար գրեթե վճռորոշ էր Ամերիկա կատարած այցն ու հանդիպումները»։

Էրդողանը վստահեցրել է, որ հաղորդակցությունների հարցում Ռուսաստանի ու Իրանի անհանգստությունները տեղին չեն․ «[Հաղորդակցությունների բացումը] մեզ վրա էլ դրականորեն կազդի, տարածաշրջանի երկրների համար էլ դրական կլինի։ Շատ պարզ է ամեն ինչ։ Ռուսաստանն ու Իրանն էլ ապագայում կհասկանան, որ իրենց անհանգստություններն անպատեհ էին», – ասել է Թուրքիայի նախագահը։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվեց Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովը, որին մասնակցում էին շուրջ երկու տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter